Ավագ դպրոցներում աշակերտները կրեդիտներ կձևավորեն՝ դրանք հետագայում բուհ տեղափոխելու համար

ՀՀովհաննես Վարդանյան

Հանրապետության ավագ դպրոցներում ներդրվում է կրեդիտային համակարգ: Ծրագիրը մշակման փուլում է: Հանրակրթության նոր չափորոշիչներով դպրոցները ստանում են հնարավորություն՝ ինքնուրույն ձևավորելու առարկայացանկը, ընտրելու, մշակելու ծրագրերը:

Արտաշես Թորոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ-ի տնօրեն) - Եթե ես գնում եմ կրթությունս շարունակելու որևէ բնագիտական ուղղությամբ, օրինակ՝ ուզում եմ դառնալ ծրագրավորող, ապա իմ համար շատ կարևոր է մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները: Ես այդ առարկաներն ընտրում եմ, դրա փոխարեն ես չեմ ընտրում աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն առարկաները, որոնք ես քննությունով ավարտել եմ 9-րդ դասարանում:

Աշակերտներն ավագ դպրոցում ստացած գնահատականներով կհավաքեն կրեդիտներ, հետագայում դրանք կօգտագործեն բուհում սովորելիս: Այսինքն՝ այն առարկաները, որոնք ավագ դպրոցում արդեն յուրացվել են, բուհերում այլևս չեն անցնի: Օրինակ՝ հայ բանասիրության ֆակուլտետում այլևս չեն դասավանդվի մասնագիտության հետ կապ չունեցող առարկաներ:

Արտաշես Թորոսյան - Դրա արդյունքում մենք արդեն 17 առարկայի փոխարեն տարվա ընթացքում ուսումնասիրում ենք 10, առավելագույնը՝ 12 առարկա, այսինքն՝ սովորողն առավել շատ ուսումնասիրում է իրեն հետաքրքրող առարկաները, դրանց հարակից առարկաները, օրինակ՝ ինֆորմատիկա կամ, ասենք՝ աշխարհագրություն կամ պատմություն, նայած ինչ ուղղությամբ է գնալու, և պետական պարտադիր առարկաներ:

Իսկ պետությունը սահմանել է չորս պարտադիր առարկա, որ ինչ ուղղությամբ էլ աշակերտը հետագայում ուսումը շարունակելու լինի, պարտադիր պետք է իմանա հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու: Ըստ Արտաշես Թորոսյանի՝ բուհերում հիմա գործող ժամաքանակով սովորողներն ավելի շատ ծանրաբեռնվում են, արդյունքում խոր գիտելիքներ չեն ստանում: Նոր փոփոխությունները, ըստ ոլորտի պատասխանատուի՝ կօգնեն լուծել այդ խնդիրը:

Արտաշես Թորոսյան - Ի՞նչ է դա մեզ տալու՝ բուհը սահմանում է իր պահանջը տվյալ ֆակուլտետում, տվյալ առարկայի նկատմամբ, այսինքն՝ երեք տարվա ընթացքում պետք է դպրոցն այդ առարկան առնվազն այսքան ժամով ուսումնասիրի և ապահովի այսքան կրեդիտ, որպեսզի բուհը ճանաչի այդ դպրոցի կրեդիտները, բացի դրանից՝ բուհը սահմանում է նաև որոշակի բովանդակություն, նա առաջարկում է տվյալ առարկայի ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրել նաև հետևյալ շատ կարևոր մաթեմատիկայի ուղղությունները, որոնք տվյալ մասնագիտության համար հետո բուհում անհրաժեշտ են, բայց դպրոցի ծրագրում ընդգրկված չեն, օրինակ՝ արհեստական բանականությունը:

Ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկել է Տավուշի մարզում և պետական բուհերին կից դպրոցներում, իսկ երկրորդ փուլով սեպտեմբերից այդ փոփոխությունը կվերաբերի նաև հանրապետության մյուս ավագ դպրոցներին:

Կրեդիտային համակարգին անցնելու համար կարևոր պայման է՝ ավագ դպրոցները բուհերի հետ պետք է պարտադիր պայմանագրեր կնքեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում