Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի կենդանիների ցանկը, որսի չափաքանակն ու ժամկետը

ՄՄարիա Գաբրիելյան

Կարմրախայտ, կուրի կողակ և բեղաձուկ, ծածան, լոքո. ցանկն ամբողջական չէ, ընդհանուր 15 ձկնատեսակ, նաև՝ խեցգետին: Շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատվել են 2023-ին Հայաստանի ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությամբ զբաղվողների համար թույլատրելի չափաքանակն ու որսի ժամկետը:

Սևակ Բալոյան (ՀՀ ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - ՇՄ նախարարի հաստատումից հետո նախարարություն են դիմել շուրջ 100 սիրողական ձկնորսությամբ զբաղվելու ցանկություն ունեցողներ, և ներկայումս պայմանագրերի կնքման գործընթացը ընթացքի մեջ է: Ընդհանրական թիվ կարող եմ ասել նաև, որ, հաշվի առնելով նախկին տարիների փորձը, միջինում տարեկան դիմում է 4000-4500 հայտատու:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տարեկսզբից սիրողական ձկնորսությամբ զբաղվող կենսաթոշակային տարիքի քաղաքացիներից բնօգտագործման վճար չի գանձվում։ Անհրաժեշտ կլինի միայն ներկայացնել կենսաթոշակի վկայականը կամ գրքույկը և անձնագրի պատճենը։

Սևակ Բալոյան - Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ պետական տուրքի մասին օրենքով ցանկացած պայմանագիր կնքելու համար վճարվում է նաև պետական տուրք բազային նվազագույն չափով՝ 1000 դրամ:

Ջրածածկ տարածքներում հսկողությունն իրականացնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժինների և կառուցվածքային ստորաբաժանումների տեսուչները: Խախտումների արձանագրման դեպքում տուգանքներ են սահմանված:

Արմեն Արաբյան (ՀՀ ՇՄՆ ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ) - Հորդորում ենք բոլոր ձկնորսերին՝ սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար նախարարությունից ձեռք բերել սիրողական ձկնորսության արտոնագրեր: Հետագա պրոբլեմներից խուսափելու համար:

Սիրողական ձկնորսության որսասեզոնը մեկնարկել է փետրվարի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Բացառություն է արված միայն Սևանա լճի համար, որտեղ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ որսասեզոնը կտևի մինչև նոյեմբերի 20-ը:
 

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում