Տարբեր երկրներից մոտ 300 պատվիրակ հայ գործընկերների հետ քննարկել է քաղցկեղի բուժման նոր մեթոդները

ՀՀայկ Նավասարդյան

Կանխարգելում, հայտնաբերում, բուժում. չարորակ գոյացությունների դեմ Հայաստանի առողջապահական համակարգի պայքարի բանաձևն է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվող Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսին հայտարարում է՝ նպատակ ունեն, որ քաղցկեղը դատավճիռ չլինի:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Դրա լուծումը առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն է, որն այս շաբաթ ընդունվեց Կառավարության կողմից: Առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է հասնենք նրան, որ վաղ շրջանում դիմի, և շատ ավելի մատչելի ծախսարդյունավետ միջոցներով առողջացումների թիվը մեծ լինի մեր երկրում:

Շուրջ 300 պատվիրակ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից հայ գործընկերների հետ քննարկում է քաղցկեղի բուժման նոր մեթոդները, մոտեցումներն ու ձեռքբերումները: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում թոքի քաղցկեղի դեպքերն աճման միտում ունեն: Բժիշկները հորդորում են՝ չսպասել դանակը ոսկորին հասնի. հիվանդության երրորդ, չորրորդ ստադիայում հրաշքներ հազվադեպ են լինում:

Ալեքսանդր Սեինյան (ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Աշխարհում ամենատարածվածը թոքի քաղցկեղն է ու երկրորդ տեղում մեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղն է: Վաղ հայտնաբերման դեպքում ընդհուպ ամբողջական առողջացում է լինում:

Հայաստանում այս պահին չարորակ գոյացությունների վիրահատությունները ամբողջությամբ պետպատվերով են իրականացվում: 2019-ից անվճար է նաև առաջինից երրորդ փուլերում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի նախա- և հետվիրահատական թիրախային թերապիան: Դեղորայքի մեծ մասը կա Հայաստանում՝ վստահեցնում է բաժանմունքի ղեկավարը:

Նաիրա Ջանոյան (ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար) - Եթե հիվանդը համապատասխանում է ծրագրի պայմաններին, ապա պետությունը ապահովում է մեկ տարվա դեղորայքի անհրաժեշտությունը, որը 17 ներարկում է:

Քիմիաթերապիայից հետո մազաթափության պատճառով կանայք հաճախ հրաժարվում են բուժման այս մեթոդից: Գլխամաշկի սառեցման սարքը մոտ 80 տոկոսով նվազեցնում է մազաթափության ռիսկը: 2023-ին քաղցկեղի դեմ պայքարին կմիանա նաև ճառագայթային կենտրոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում