Ճահիճների վերականգնում. Հայաստանի խոնավ տարածքները

ՀՀերմինե Բաղդասարյան

Դեղին կոկոռը, որ վերացել էր Հայաստանից, նորից սկսել է ծաղկել Արփի լճի ջրերում՝ սա հրաշալի է։ Էկոլոգիական առումով վատն այն է, որ լճին մոտ խոզաբուծարան էր բացվել․ այս լուրերով բնապահպանները սկսեցին օրվա քննարկումը։ Այն նվիրված է խոնավ տարածքներին, որ աշխարհի մասշտաբով պաշտպանվում են Ռամսարի կոնվենցիայով։ Արփի լճին զուգահեռ՝ մեր երկրում Ռամսարի տարածք է ճանաչված Սևանը։

Կարեն Ճենտերեճյան (Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող) - Տեսեք՝ ինչքան պահպանման խնդիր ունենք մենք այնտեղ, ջրի մակարդակի, գետերի աղտոտվածության, այսինքն՝ մենք այդ տարածքը պահելու խնդիր ունենք:

Կարեն Ճենտերճյանը Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի համակարգողն է։ Կենսաբանական գիտությունների դոկտորի կարծիքով՝ եթե ձկնաբուծարանների հետ կապված բիզնես-խնդիրները կարգավորվեն Արմաշի լճերը նույնպես հնարավոր է դարձնել հատուկ պահպանվող տարածք։ Պետք է սահմանափակել որսորդների մուտքն այդ գոտիներ՝ առաջարկում է տարածքում ապրող թռչունների համար յուօրինակ կեցավայր առանձնացրած բնակիչը։

Տիգրան Մաթևոսյան («Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոնի նախագահ) - Մի քանի տեսակի ձկնկուլներ են, տառեխներ կան, եգիպտական տառեխ էլ ա հանդիպել, որին կրակել էին, շատ եմ հանդիպել թռչունների, որոնց միսն ուտելու չի, ճուռակի վրա են օրինակ կրակել:

Պետք է հասկանալ այս առումով երկրին ինչ է անհրաժեշտ, արձագանքում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Խոնավ տարածքները շատ կարևոր են աշխարհի գլոբալ տաքացման ռիսկերի ֆոնին։

Ի դեպ, լճերի պես բնական ճահիճները ևս համարվում են Ռամսարի տարածքներ․ Հայաստանում այդպիսի գոտի է Խոր Վիրապի ճահիճը։ Հասկանալի է, որ կոյուղաջրերի լցվելու պատճառով Արարատյան դաշտի բնակիչների մոտ բացասական վերաբերմունք կա ճահճուտների նկատմամբ, բայց բնական ճահիճներն ուրիշ են և շատ կարևոր էկոլոգիական օղակներ են՝ ասում է փոխնախարար Գաբրիելյանը։

Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Ամենակարևոր խնդիրը որ լուծում են ճահիճները, դրանք ֆիլտրացիոն համակարգերն են, բնական ու կարողանում են մեզ քաղցրահամ ջրեր պարգևել:

Ճահիճները նաև անտառներից շատ ածխաթթու գազ են կլանում։ Ու քանի որ դրանք ավելի հեշտ է վերականգնել, քան անտառ տնկելը, արտանետվող CO2-ի ծավալները կրճատելու միջազգային պարտավորության շրջանակում Հայաստանում նախատեսվում է վերականգնել մի քանի վերացած բնական ճահճուտ։ Փոխնախարար Մեյմարյանը վստահ է․ խոնավ տարածքները չորացնող, տեղում ձմերուկ ցանող գյուղացին կամ այլ մարդ երբ իմանա, որ այդ քայլերով հնարավոր է մեղմել, օրինակ՝ երաշտը, դեմ չի լինի Ռամսաի նախաձեռնություններին։

Արամ Մեյմարյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Մենք լավ տենդենց կարանք ունենք, ու լավ ա, որ կարանք արագ վերականգնենք ու ունենանք միգրացվող թռչունների կանգառի կետեր ու էկոհամակարգի կետեր: Նաև ածխածնի կրճատման հարցում մեր պարտավորությունները կարողանանք լուծել:

Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է առաջիկա 6 տարում երկրում վերականգնել մոտ 1200 հա բնական ճահճուտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում