Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի մրցույթի արդյունքը չի հաստատվել. նոր ընտրության ժամկետն անորոշ է

ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարվեստի պետական ակադեմիան ընտրված ռեկտոր չունի՝ չնայած դեկտեմբերին 16-ին հոգաբարձուների խորհուրդն անցկացրել էր թափուր պաշտոնի մրցույթ, որտեղ հաղթող էր ճանաչվել միակ թեկնածուն՝ գործող երկարամյա ռեկտոր Արամ Իսաբեկյանը, բայց ընտրության արդյունքները չեն հաստատվել: Պարզվել է՝ մրցույթն անցկացվել է նախորդ կանոնադրության համաձայն:

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արա Խզմալյանն ասում է՝ կատարվածը պարզապես տեխնիկական բնույթ ունի, և դավադրությունների տեսությունն ու միտում փնտրելը անտեղի են: Նրա փոխանցմամբ` նշված նիստի ժամանակ քարտուղարը զեկուցել է, որ թեկնածուի փաստաթղթերը համապատասխանում են կանոնադրական պահանջներին, և դա ընդունվել է ի գիտություն:

Արա Խզմալյան (Գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Այնուհետև, երբ պրոցեսն ավարտվեց ռեկտորի ընտրության, և փաթեթը եկավ ոչ աշխատանքային կարգով վերանայման, հաստատման, մենք նկատեցինք, որ ըստ էության գիտքարտուղարը կողմնորոշվել է ոչ թե 21 թվականի փոփոխված, լրամշակված, այլ 17 թվականի կանոնադրությամբ:

Բանն այն է, որ արվեստի բուհերի ռեկտորի թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջների ցանկից ժամանակին հանվել էին գիտական կոչում ու գիտական աստիճան ունենալու պայմանը: Բայց 2021 թ. գիտական աստիճանի պահանջը վերականգնվել է: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի թեկնածու Իսաբեկյանը նորից պարտադիր դարձած գիտական կոչում չունի, հետևաբար եթե փաստաթղթերն ընդունելիս հոգաբարձուների խորհուրդն առաջնորդվեր նորացված կանոնադրությամբ, նրա փաստաթղթերը չէին կարող համապատասխանող համարվել:

Արա Խզմալյան - Ընդամենը այս է պատմությունը, այս է աշխատանքային վրիպումը, կյանք է, և ամեն ինչ է հնարավոր: Ամենակարևոր բանը, որ այդ թերությունը բացահայտվել է մինչև պաշտոնապես նախարարությանն արդյունքներն ուղարկելը:

Ի դեպ, որ այսպիսի վրիպումները բացառված չեն, ըստ Խզմալյանի` գալիս են հավաստելու նաև հոգաբարձուների խորհրդի աշխատանքը կանոնակարգող փաստաթղթերը, որոնք նաև թերությունները շտկելու ընթացակարգեր են սահմանում:

Գեղարվեստի պետական ակադեմիայում ռեկտորի պաշտանակատար է նշանակվել ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու Մկրտիչ Այվազյանը: Թե երբ է հայտարարվելու նոր մրցույթ, հայտնի չէ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը նշում է, որ այս փուլում դա նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով բուհերի խոշորացման, ֆինանսական, մասնագիտական ու կադրային ռեսուրսների կենտրոնացման վերաբերյալ քննարկվող ծրագրերը:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում