Հայաստանում կներդրվի շտապօգնության նոր մոդել

ԼԼիլիթ Ասատրյան

Շտապօգնության ծառայության բարելավման ռազմավարությամբ նախատեսվում է, որ հանրապետությունում կներդրվի նոր մոդել. կգործի միասնական շտապօգնություն՝ Երևանում ու մարզերում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին:

Արմեն Նազարյան  (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Մինչ այդ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումները միտված են լինելու շտապօգնության ամբողջական վերլուծությանը, գնահատմանը, դիսպետչերական ծառայության բովանդակության վերանայմանը ամբողջությամբ, կրթական և շարունակական մասնագիտական ծրագրերի ներդրմանը, ինչպես նաև շտապօգնության կանչերի թվայնացմանը:

Կանչերն ընդունող, մշակող ու շտապօգնության անձնակազմին փոխանցող դիսպետչերը այդ վերապատրաստումների արդյունքում պետք է կարողանա գնահատել կանչի հրատապությունը կամ առհասարակ դա սպասարկելու անհրաժեշտությունը և ըստ այդմ էլ ուղղորդի շտապօգնության անձնակազմին: Փորձը ցույց է տալիս՝ քաղաքացիները հաճախ շտապօգնություն են կանչում՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ դիմելու փոխարեն:

Արմեն Նազարյան - Շատ հաճախ լինում են կանչեր, երբ քաղաքացին ուղղակի ընթացիկ սպասարկման համար է դիմում կամ ընթացիկ քրոնիկական բուժման համար, եթե նա ունի հերթական ներարկումը, շտապօգնության կանչի միջոցով է դա իրականացնում:

Առողջապահության նախարարի տեղակալը նշում է՝ մարզերում շտապօգնության բրիգադների թիվը համապատասխանում է ըստ բնակչության քանակի մշակված չափորոշիչներին, ու եթե սպասարկման խնդիրներ են առաջանում, պատճառն այլ տեղ է:

Արմեն Նազարյան - Այստեղ խնդիրը զուտ սպասարկման հեռավորությանն է վերաբերում: Շատ հաճախ մեկ շտապօգնությունը սպասարկում է մի տարածք, որն ավելի մոտ է մեկ այլ շտապօգնությանը, բայց, հաշվի առնելով, որ գործող համակարգն ունի կցագրման սկզբունք, սպասարկումն իրականացվում է հենց այդ կցագրման սկզբունքով:

Նոր՝ միասնական մոդելի դեպքում սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ ավելի մոտ կանչի սկզբունքով: Արդյունքում հնարավոր կլինի կրճատել կանչի սպասարկման և ժամանակահատվածը և տարածությունը:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում