Պետությունը հետևողականորեն նպաստում է ստարտափների զարգացմանը

ՄՄարիա Գաբրիելյան

2022 թվականին Հայաստանում ստարտափների քանակը, ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, աննախադեպ է եղել: Միայն անցած տարի հավաստագրվել է 1430 կազմակերպություն, որոնցից շուրջ 1280-ի հիմնադիրները եղել են Եվրոպայի և Ասիայի 22 երկրներից։ Այդուհանդերձ՝ նախարարության փոխանցմամբ՝ քիչ չեն նաև ոլորտով հետաքրքրվող հայաստանյան ընկերությունները, որոնցից շատերն անցած տարի են սկսել կամ ակտիվացրել գործունեությունը:

Հենրիկ Միրզոյան (ՀՀ ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ) - Հայաստանյան ընկերությունները հիմնադրումից հետո եռամսյա ժամկետում հնարավորություն ունեն դիմելու և ստանալու հավաստագիր: Արդեն բավականին շատ ընկերություններ ունենք: 

Հայաստանում ստարտափների զարգացմանն ու ակտիվացմանը, բացի աշխարհաքաղաքական վիճակից, նպաստել են 2022-ին մեկնարկած պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես՝ հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար գործում է շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է նաև դոլարի ու եվրոյի արժեզրկման պատճառով ընկերությունների կրած վնասների փոխհատուցման պետական աջակցության ծրագիրը: Բացի այդ, նախարարությանը դիմած 37 կազմակերպության 3,8 միլիարդի աջակցություն է տրամադրվել:

Հենրիկ Միրզոյան - Պետական աջակցության երեք ծրագրերն էլ միտում ունեն և՛ զարգացնելու ստարտափ էկոհամակարգը Հայաստանում, և՛ որոշակի անվտանգության բարձիկ ստեղծելու և ժամանակ տալու, որ մեր ստարտափներն ավելի շատ միջազգային, համաշխարհային որոշակի ցուցումներին ադապտացվեն:

Հայաստանյան երիտասարդ ԱյԹի ընկերություններից շատերը նաև անցած տարվա պետական աջակցության ծրագրերի շնորհիվ ընդլայնել են գործունեության շրջանակը` հնարավորություն ստանալով մուտք գործել միջազգային շուկա։

Անուշ Սարգսյան (ընկերության ֆինանսական գծով պատասխանատու) - Բազմաթիվ միջոցառումների արդյունքում հնարավորություն ենք ունենում շուկաներում ներկայանալ, ինչը իհարկե շատ մեծ դեր ունի մեզ համար թե՛ կազմակերպության ճանաչման, թե՛ հետագա զարգացման և թե՛ առաջացած մարտահրավերներին ճիշտ դիմակայելու համար:

2023-ին նախատեսվում է շարունակել «Գաղափարից բիզնես» ծրագիրը, որը, ըստ ԲՏԱ նախարարության, հնարավորություն կտա նորաստեղծ կամ արդեն որոշակի պրոդուկտ ունեցող ստարտափներին մուտք գործել մեծ շուկա:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում