Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 180 երկրի շարքում 63-րդ տեղում է. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխարհի երկրների մեծամասնությունը 2022-ին ևս չի կարողացել կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնել, փաստում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության վերջին զեկույցը: Ըստ ուսումնասիրության՝ կոռուպցիայի ընկալման նախորդ տարվա ինդեքսով` Հայաստանը 180 երկրի շարքում 46 միավորով 63-րդ հորիզոնականում է: Նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ մեր երկիրը 58-րդ տեղում էր, կորցրել է 3 միավոր: Ըստ կազմակերպության փորձագետների՝ թեև Հայաստանի ցուցանիշի անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ, միտումն արտացոլում է «զսպող և հավասարակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում և քաղաքացիական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։

Այս տարի Հայաստանը թեև նահանջ է գրանցել, սակայն շարունակում է մնալ վերջին 6 տարվա ընթացքում իր դիրքերը բարելաված 8 երկրներից մեկը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2017 թ.-ից ի վեր 180 երկրների 95 տոկոսը գրեթե չի ապահովել որևէ դրական տեղաշարժ։

Ինդեքսն օգտագործում է 100 նիշանոց սանդղակ, որտեղ 100 միավոր է գնահատվում կոռուպցիայից ամբողջությամբ զերծ միջավայրը, իսկ 0-ն կոռումպացման ամենաբարձր ցուցանիշն է։

Այս անգամ կոռուպցիայի ընկալման համաթիվը գնահատելու համար կազմակերպությունն ընտրել է հակամարտությունների, բռնությունների թեման, արձանագրել՝ ներքաղաքական, արտաքին, միջպետական կոնֆլիկտները ազդել են կոռուպցիայի համաթվի վրա բոլոր այն երկրներում, որտեղ հակամարտություններ կան:

Ըստ զեկույցի՝ կոռուպցիան շարունակում է տարածվել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Հատկանշական է՝ մեր տարածաշրջանի շատ երկրների ցուցանիշները գրանցել են իրենց պատմական նվազագույնը, օրինակ՝ Ադրբեջանը 30 միավորից 23 է իջել: Փորձագետներն ընդգծել են՝ Ադրբեջանում իշխանությունը հիմնականում պատկանում է Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին։ Կոռուպցիան այդ երկրում լայնորեն տարածված երևույթ է, իսկ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության դեմ բազմամյա բռնաճնշումների հետևանքով դրանք թուլացած վիճակում են։

Ըստ զեկույցի՝ Հայաստանն առաջ է իր երեք հարևաններից՝ Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից, զիջում է միայն Վրաստանին։

Իսկ վարկանիշի առաջատարները ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան են։

Հեղինակ` Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում