Բլինքենը կոչ է արել նվազեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածությունը

ԳԳոհար Սարգսյան

ԲԼԻՆՔԵՆԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Իսրայելապաղեստինյան լարվածության ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռօրյա այցով ժամանել է Մերձավոր Արևելք: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իսրայելի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ: Էնթոնի Բլինքենը հորդորել է նվազեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև սրված լարվածությունը: Նա հիշեցրել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ հակամարտության միակ լուծումը Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների կարգավորումն է: ԱՄՆ գլխավոր դիվանագետը վերահաստատել է Իրանի կողմից նկատվող սպառնալիքների ֆոնին Վաշինգտոնի կայուն աջակցությունն Իսրայելին: Էնթոն Բլինքենը երեկ եղել է Եգպտոսում, իսկ այսօր նախատեսվում է Բլինքենի այցը Ռամալլա՝ հանդիպելու Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ:

ԱՄՆ-Ը F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԲԱՅԴԵՆ

Բալթիմոր կատարած այցից հետո Սպիտակ տուն վերադառնալիս ԱՄՆ նախագահը պատասխանել է լրագրողներ հարցերին: Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ՈՒկրաինային չի տրամադրի F-16 կործանիչներ: Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ մարտական տանկերի մատակարարումից հետո Կիևն առաջ է քաշելու արևմտյան չորրորդ սերնդի կործանիչների,այդ թվում ամերիկյան F-16 -ի մատակարարման հարցը: Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ նախատեսում է այցելել Լեհաստան. կոնկրետ ժամկետներ, սակայն, Բայդենը չի նշել:

ՄԱԿՐՈՆԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինային կործանիչների մատակարարումը, սակայն զգուշացրել է հակամարտության սրման վտանգի մասին։ «Սկզբունքորեն ոչինչ բացառված չէ», -նշել է Մակրոնը՝ հավելելով, որ ձեռնարկված միջոցները չպետք է լարվածություն առաջացնեն և պետք է իրականացվեն զգուշությամբ՝ խուսափելու համար ֆրանսիական բանակը թուլացնելուց:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՈՒՂԱՐԿԱԾ ՏԱՆԿԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՄԱՌ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային փոխանցված տանկերը մինչև ամառ առաջնագծում կլինեն` հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Նա հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի կարող հրապարակել ուկրաինական զորքերին տանկերի օգտագործման ուսուցման ժամանակացույցը: Օրեր առաջ Լոնդոնը հայտարարել էր, որ տանկերը Ուկրաինա պետք է հասնեն մինչև մարտի վերջը:

ՃԱՊՈՆԻԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ճապոնիայի և Հունաստանի վարչապետները պայմանավորվել են ամրապնդել անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտում իրենց հարաբերությունները և գործակցել «ի պատասխան Եվրոպայում ու Ասիայում հնարավոր սպառնալիքների»: Ֆումիո Կիսիդան և Կիրիակոս Միցոտակիսը նշել են, որ գիտակցում են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության ամրապնդման և Ճապոնիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում