ՔՔրիստինե Ոսկանյան

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն նպատակ է՝ պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի. Աննա Հակոբյան

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն նպատակ է՝ պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի. Աննա Հակոբյան

Խաղաղությո՜ւն լինի, մնացածը մենք կանենք: Այս երազանք-մաղթանքը հասկանալի պատճառներով նախկինից մի քանի անգամ ավելի շատ ու ավելի ուժգին հնչեց այս տարվա ամանորյա մեր բոլոր սեղաններին: «Մնացած» ասելով ենթադրվում է երկիր կառուցելը, զարգացած տնտեսություն ունենալը, անձնական բարեկեցության և հանրային բարօրության հասնելը:

 

Լավ ցանկություն է, ինչ խոսք: Բայց որքան որպես ցանկություն լավն է, այնքան որպես կյանքի փիլիսոփայություն՝ վտանգավոր, որքան սահուն է հնչում, այնքան անանցանելի է դարձնում դեպի Խաղաղություն մեր ճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

 

Նրա խոսքով՝ սա նույնն է, թե մեկն իր ընտանիքի համար տուն կառուցել ցանկանա և հայտարարի. «Քարերն ու ցեմենտ-բետոնը լինեն, մնացածը ես կանեմ»: Կամ մեկ ուրիշը սեփական մեքենայով ընտանիքի հետ Հայաստանով մեկ ճամփորդել փափագի և ասի. «Մեքենան լինի, մնացածը ես կանեմ»: Կամ թե մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու մասին երազի. «Ադամանդե քարով մատանին լինի, մնացածը ես կանեմ»:
 
«Պարզ է, չէ՞, որ այդ երիտասարդը երբեք չի նշանվի, այդ մարդը երբեք տուն չի կառուցի, մյուսն էլ երբեք իր ընտանիքին մեքենայով ճամփորդության չի տանի:

 

Ինչպես տուն կառուցելու շինանյութը, ճամփորդելու մեքենան կամ նշանվելու մատանին որևէ մեկի համար երկնքից չեն ընկնում, այնպես էլ՝ Խաղաղությունը: Ինչպես անհեթեթ է Աստծուն դիմել՝ թե Աստվա՛ծ ջան, խնդրում եմ՝ ինձ մի քանի բեռնատար տուֆ ու մի քիչ ցեմենտ ուղարկի, այնպես էլ անհեթեթ է Աստծուն դիմել, թե՝ իմ ազգին ու երկրին Խաղաղություն տուր:

 

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ: Խաղաղությունը ընդամենը նպատակ է՝ պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ:

 

Մարդկության գոյության բոլոր ժամանակների բոլոր ազգերի և պետությունների պատմությունը հուշում է, որ Խաղաղությունը «չի լինում», Խաղաղությունը «անում են»:

 

Աստծուց էլ խնդրում են իմաստնություն, աշխատասիրություն, արդարամտություն, տոկունություն, ջանասիրություն, նվիրվածություն, ազնվություն, քաջություն, հավատ, հաստատակամություն, անբարո գայթակղություններին դիմակայելու և կործանարար սովորություններին վերջ տալու կամք:

 

Աստծուց խնդրում են չտրտնջալու, չչարանալու, չատելու, փոխարենը բարիք ստեղծելու, սեր տարածելու, սեփական տունը, բակը, քաղաքը, երկիրը մաքրելու, փայփայելու, կառուցելու և հզորացնելու համար բավարար ուժ:

 

Եվ Խաղաղությունը «գալիս է» որպես հետևանք: Մեր սեփական, ամենօրյա, պարզ գործողությունների հետևանք: Ընդ որում՝ յուրաքանչյուրն իր գործողությունների համար է պատասխանատու, և դրանցով է մեր երկիրը կա՛մ մոտեցնում խաղաղությանը, կա՛մ հեռացնում:
 
Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի կամ Աստծուց խաղաղություն խնդրի՝ ինքն իր գործողությամբ մեզ արդե՛ն մի քանի անգամ հեռացրել է այդ Խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազա՛ր անգամ են մեզ հեռացրել Խաղաղությունից:
 
Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակո՛վ ենք հեռացնում Խաղաղությունից: Եթե մենք ծույլ ենք, անփույթ, քիչ ենք աշխատում, օրվա մեծ մասը բամբասում ու ամբարտավանում ենք և դա չենք էլ նկատում, հարյուրամյակներո՛վ ենք հեռանում Խաղաղությունից: Ավելին՝ ամեն քայլափոխի մահացու վտա՛նգ ենք ստեղծում մեր, մեր սիրելիների կյանքի համար:
 

Այս Ամանորին ևս մեկ հիթ ունեինք՝ երգ: Ամենուր՝ տներում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, Ֆեյսբուքում, նույնիսկ եկեղեցիներում հնչեց Ռափայել Պատկանյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը. «Երնէ՜կ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցաւերուն»:

 

Երնեկ:

 
Բայց հունվարի սկզբին սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգամ չկանխեց հունվարի 19-ի Ցավը:
 

Ռափայել Պատկանյանը այս բանաստեղծությունը գրել է 1878 թվականին, այսինքն՝ 145 տարի առաջ: 145 տարի շարունակ մենք երգում ենք՝ «Երնէ՜կ, թէ այս նոր տարին Վերջ տար հայի ցաւերուն»:

 

Բանաստեղծության մեջ այլ տողեր էլ կան, որոնք այն մասին են, թե ո՛ր պարագայում «հաջորդ տարին վերջ կտա հայի ցավերին»:

 
Բայց այդ տողերը ակնհայտորեն «ուշադրության և ըմբռնումի» չեն արժանացել:

 

Առնվազն՝ անցած 145 տարում»,- գրել է ՀՀ վարչապետի տիկինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում