ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՃՏՊ-ների նվազեցմանը, կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցների կիրառմանը նպաստելու համար: Արդյունքում՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, նման որոշումների նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ:

«Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհներն անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանեցնելուն: Նաև մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ այս փաթեթները մշակելիս»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկվում են մի շարք փոփոխություններ և կարգավորումներ՝ խաչմերուկներում խցանումներից խուսափելու, անցուղիները հետիոտների համար ավելի անվտանգ դարձնելու համար:

«Կան 5 փաթեթով փոփոխություններ, որոնցից առաջին է ճանապարհային նշանների կարգավորումն է: Օրինակ՝ նոր նշաններ, որոնցից անկյունագծային հետիոտնային անցում նշան դրվում է, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- նշել է Գնել Սանոսյանը:

Աշխատանքներ են տարել նաև զիջելու և կանգառ նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում զիջելու փոխարեն կտեղադրվի կանգառ նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն:

«Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասել է Գնել Սանոսյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումն անվտանգության ստանդարտների ապահովման համատեքստում:

«Խոսքը երկրում ստանդարտների հաստատման մասին է, և մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք դիտարկում և չենք զգում, չենք տեսնում կապն ասենք օրինակ՝ երթևեկության կարգապահության, երթևեկության ստանդարտների և, ընդհանրապես, ստանդարտների բացակայության կամ չկիրառման և տեղի ունեցող դժբախտությունների, աղետների, նույնիսկ անհաջողությունների միջև: Երկում պետք է լինեն ստանդարտներ և այդ ստանդարտները պետք է գործեն: Կրկնում եմ՝ այս բոլոր պրոբլեմներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, ինչը չի նշանակում ոչ ադեկվատ: Ասիմետրիկ և ադեկվատ, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որը մենք ունենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցավալի դեպքերը նաև ստանդարտների բացակայության հետևանքով են արձանագրվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում