Հայտնաբերվել է 17 խախտում. «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կդադարեցվի

ԼԼիլիթ Ասատրյան

Փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում հանրային օբյեկտը ճանաչել է հրդեհավտանգ: Ըստ պետական կառույցի՝ տոնավաճառն աշխատել է բազմաթիվ խախտումներով:

Արազ Պապիկյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Ծխահեռացման համակարգեր չունեն, արտաքին և ներքին հրդեհաշիջման ջրացանց չունեն, առաջնային հրդեհաշիջման միջոցները պատշաճ քանակի և որակի չեն, տարհանման ելքերը բավարար քանակի և բաց չեն: Սրանք բաներ են, որոնք առանցքային են, և, միանշանակ, պետք է տրվեր դադարեցման որոշում: 

Հայտնաբերվել է 17 խախտում: «Մալաթիա» տոնավաճառի տնօրենի խոսքով՝ իրենք հասցրել են վերացնել արդեն 10 խախտում: Հունվարի 20-ին, սակայն, տեղեկացել է, որ տոնավաճառի գործունեությունը կասեցվում է:

Սամվել Ավետիսյան («Մալաթիա» տոնավաճառի տնօրեն) - Համաձայն չեմ, որ մեզ մոտ հրդեհավտանգ է: Մինչև փակման որոշումը մենք վերացրել ենք բավականին շատ կետեր: Առաջնային ինչ պետք է, որ հրդեհ չլինի, մենք պատրաստ ենք: 

Տնօրենը հրդեհի հավանականությունը փոքր է գնահատում, նաև պնդում, որ ունեն անհրաժեշտ պարագաներ:

Սամվել Ավետիսյան - Մենք կարողանում ենք շատ արագ միացնել, ջուրը միանում է էստեղից, ջրագիծը միանգամից ջուր է ունենում: Ունենք բոլոր տեղերում տարհանման պլանները, կրակմարիչներ, և երկրորդ՝ մենք ավելորդ դրել ենք նորից այս փողրակը:

Տեսչական մարմնից, մինչդեռ, պնդում են՝ կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ կատարված աշխատանքների որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

Արազ Պապիկյան - Եթե տնտեսվարողն արել է որոշակի աշխատանք, սակայն դա չի համապատասխանում նորմատիվային դաշտին, բնականաբար, դա չենք կարող ընդունել որպես արված աշխատանք և թույլ տալ, որ շարունակի գրոծունեությունը:

Տեսչականից նշում են` կվերացնեն խախտումները, կվերաբացվեն, տնօրենը հակադարձում է՝ նշելով, որ տոնավաճառը փակելուց հետո գուցե այլևս չբացվի: Այս հեռանկարն անհանգստացրել է այստեղ գործունևոթյուն ծավալող տնտեսվարողներին: Տոնավաճառում պնդում են, որ խոսքը 600 մարդու մասին է:

Տեսչականից նշում են` իրենք պատասխանատու են մարդկանց կյանքի համար, Սուրմալուի դեպքն են հիշեցնում, երբ չվերացված խախտումները ողբերգական ավարտ ունեցան: Պապիկյանը նկատում է՝ «Փեթակ» առևտրի կենտրոնը եւս փակման վտանգի առաջ էր, բայց տնտեսվարողը ժամանակին և պատշաճ վերացրեց խախտումները: «Այս հարցում կոմպրոմիս չի լինելու». վարչապետի կառավարության վերջին նիստում տրված հանձնարարականն են մեջբերում տեսչականում, հակահրդեհային կանոններին չհամապատասխանող ընկերությունները պետք է փակվեն, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ դրանից հետո մարզային և տարածքային պետերին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել է հանձնարարական ամբողջ հանրապետությունում գույքագրել խոշոր օբյեկտները և վերահսկողություն իրականացնել:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում