Գյումրիի սուբվենցիայով նորոգված փողոցներում թերություններ կան, ավարտական ակտը մարզպետը չի ընդունել

ՔՔրիստինա Մկրտչյան

Շիրակն արդեն 2023 թ. սուբվենցիոն ծրագրերի նոր փաթեթը ամփոփել է և ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողով, սակայն անցած տարվա աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն։

Կառավարություն և համայնք գործակցությամբ ծրագրերը համարվում են ավարտված միայն այն դեպքում, երբ համապատասխան փորձաքննություն են անցնում և վերացվում բոլոր թերությունները։ 2022-ի Գյումրիի փողոցաշինական ծրագրերը դեռ անցած տարեվերջին էին ավարտական փուլում, բայց դրանց վերաբերյալ ավարտական ակտ չկա մինչև այսօր։

Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - 16-ում ավարտական գործընթաց ունենք և դիտարկում ենք ավարտական փաստաթղթերը և գրեթե ավարտված աշխատանքները, որովհետև լինում են դեպքեր, որ փաստաթղթերով նորմալ է, բայց տեղում լինելով` հասկանում ես թերությունները կամ ազգաբնակչությունից ահազանգեր ես ստանում, որ արդեն իսկ քայքայվել է ասֆալտապատումը, և այս շրջայցի նպատակը թերությունները վերահսկելն է։

Թերությունների հայտնաբերումից հետո կտրվի լրացուցիչ ժամանակ դրանք վերացնելու համար։ Հակառակ դեպքում շինարարը չի վճարվի։

Նազելի Բաղդասարյան -  Առանց ակտի շահագործման մասին խոսելն ավելորդ է, իսկ վերահսկությամբ վճարվում է շինարարը այն դեպքում, երբ կա ավարտական ակտ, և ակտը ստորագրված է բոլոր շահագրգիռ մարմինների կողմից։

2023 թ. համար Գյումրիի 29 փողոցի նորոգման հայտ է ներկայացվել, որոնք 30 և ավելի տարի չեն նորոգվել: Սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն մարզի բոլոր վեց համայնքներում:

Կարեն Բադիշյան (Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Ընդհանուր փաթեթում 10 մլրդ դրամի 31 և ավելի ծրագրեր, դա կփոխվի` կախված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած փոփոխություններից։

Համեմամատության համար Կարեն Բադիշյանը նշում է` 2022-ին ամբողջ մարզի սուբվենցիոն ծրագրերը 7 մլրդ էին, այս տարի միայն Գյումրիում` 6 մլրդ: Փողոցաշինությունից բացի, համայնքները ներկայացրել են ավտոբուսների, միկոավտոբուսների ձեռքբերման, ֆոտովոլտային կայաններ հիմնելու ծրագրեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում