Երևանում կդադարեցվի մեկ հեղուկ գազի և երկու բենզալցակայանի գործունեությունը

ՀՀովհաննես Վարդանյան

Երևանում գազի և բենզինի որոշ լցակայաններ ուղիղ սպառնալիք են մարդկանց կյանքին ու անվտանգությանը: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դրանք խոշորացույցի տակ է առել, մոտ 90 տոկոսի դեպքում կոպիտ խախտումներ արձանագրել:

Արազ Պապիկյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Բենզալցակայանները շահագործվում են միջտարածությունների կոպիտ խախտումներով, այսինքն` նորմատիվ դաշտը հստակ սահմանում է, թե բենզալցակայանի վառելիքի ռեզերվուարները հասարակական և բնակելի շենքերից ինչքան հեռավորություն պետք է ունենան: Արձանագրվել է, որ էդ հեռավորությունները պահպանված չեն, ինչպես նաև հանրապետությունում չի թույլատրվում օգտագործել վերգետնյա ռեզերվուարներ վառելիքի:

Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են, որ խախտումների մեծ մասը հիմնականում նույնանման են: Մեկ հեղուկ գազի և երկու բենզալցակայանի դեպքում գործունեության դադարեցման որոշում է կայացվել: Առաջինը՝ Իսակովի, մյուս երկուսը Գյուլբենկյան փողոցներում են: Տնտեսվարողները տեղադրել են վերգետնյա ռեզերվուարներ, ինչն անթույլատրելի է:

Արազ Պապիկյան - Շահագործվող օբյեկտները պետք է ապահովված լինեն հրշեջ հիդրանտներով կամ 100 մետր ջրավազաններով, շանթարգելով պետք է ապահովված լինեն, արձանագրել ենք, որ ապահովված չեն, և այս հիմքով որոշ մասի մոտ նաև բացակայում են տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննությունները, սա արդեն հիմք է միանգամից դադարեցնելու գործունեությունը:

Տեսուչների արձանագրումները թեև ունեն տեխնիկական փորձաքննության դրական եզրակացություն, բայց առկա է հրդեհասպառնալից իրավիճակ, կասեցման կարգադրագրով տնտեսվարողին պարտադրել են նաև դատարկել ռեզերվուարները: Այս դեպքերի վերաբերյալ ոչ հավաստի եզրակացության համար անկախ փորձագետի նկատմամբ հարուցվել է նաև վարույթ:

Արազ Պապիկյան - Երեքից մեկը ռեեստրում գրանցված չէր և չուներ ամենամյա փորձաքննություն: Էստեղ միանշանակ պատասխանատվության կենթարկվի 1 միլիոն դրամ գումարի չափով, և անմիջապես տրվել է կարգադրագիր դադարեցման, իսկ մնացած երկուսը կտուգանվեն հրդեհային անվտանգության կանոնների խախտման մասով: 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից նշում են՝ գործընթացն այսքանով չի սահմանափակվելու: Իրենք հետևողական են լինելու, որ ինչպես Երևանում, այնպես էլ խոշոր քաղաքներում բոլոր գազա- և բենզալցակայանները պարտադիր ստուգվեն, և եթե դրանցում էական խախտումներ արձանագրեն, տեղում կասեցման որոշում կկայացնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում