ԳԳոհար Սարգսյան

Հարգանքի տուրք՝ 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին:

 
Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:
 

 

«1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացումը անպատժելիության մթնոլորտ ստեղծեց, ինչը նպաստեց հակահայ բռնությունների հետագա ծավալմանը և շարունակականությանը: Ադրբեջանում հակահայկական բռնության հաջորդ թիրախը 1988 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձավ Կիրովաբադ քաղաքը և դրան հարակից բնակավայրերը:

 

1990 թ. հունվարի 11-ից Բաքվում Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպվեցին ցույցեր, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները: Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ձեռք բերեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք շարժվեցին հայ բնակչության նախապես կազմված հասցեներով: Ջարդերի ամբողջ ընթացքում քաղաքի իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն (ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն):
 
Հայ բնակչության կոտորածը քաղաքում շարունակվեց շուրջ մեկ շաբաթ` մինչև հունվարի 19-ը: Տեղի ունեցան հայ բնակչության սպանություններ, պատճառվել են ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ:

 

Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվի ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում»,- նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում