Ճագար բուծելը՝ եկամտաբեր բիզնես

ՀՀերմինե Բաղդասարյան

Ճագարաբուծությունը Հայաստանում թափ է հավաքում։ 3 տարի առաջ ընդամենը 16 մայրացու ուներ․ հիմա փափկամազերի հստակ թիվը ֆերմայում չգիտի էլ, այնքան արագ են բազմանում՝ կատակում է բյուրականցի Ալեքսանը։

Շատանալու հետ արագ էլ քաշ են հավաքում, մսատու սորտ է։ Վաճառում է և՛ կենդանի վիճակում՝ գյուղացիներին՝ պահելու համար, և՛ որպես միս։

Կերը մի քիչ թանկ է, բայց բիզնեսից դժգոհ չէ, ասում է գյուղատնտեսը, այնպես որ, այս ընթացքում եռակի մեծացրել է ծրագրով ստացած բները։ Այո՛, ճագար բուծելը եկամտաբեր է, ձեռնտու հատկապես այն գյուղերում, որտեղ հողագործությունը դժվարացել է՝ վստահեցնում է բարեգործների աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նախաձեռնությամբ նման ֆերմաներ հիմնող Դավիթ Դավթյանը։

Ֆերմեր Դավիթ Դավթյանը պնդում է՝ 50 հազար գլուխը կարելի է տասնապատիկ ավելացնել, եթե ճագարաբուծության ամբողջ շղթայից հնարավոր դառնա օգուտ ստանալ։ Բիզնեսը կարող է բառացիորեն անթափոն լինել․ երկարականջների գոմաղբից Տավուշում արդեն բիոհումուս են ստանում։

Նախատեսում են մորթուց էլ մինչև 2024-25 թվականը գոնե գլխարկների արտադրություն բացել։ Ամենակարևորը, սակայն, մսի իրացումը ճիշտ կազմակերպելն է՝ արդեն խոհանոցում բացատրում է ֆերմերը։ Քանի որ կերի թանկության պատճառով ճագարը խոզին գրեթե հավասար գին է ունենում, կոնկրետ իրենք նախընտրում են ապրանքը սպառողին առաջարկել կիսաֆաբրիկատ սննդամթերքի տեսքով։

Մեր սպառողը հավի կամ ձկան համեմատ ճագար դեռ շատ քիչ է ուտում, բայց վերջին մեկ-երկու տարում վաճառքի ծավալները սկսել են աճել։ Հիմնական գնորդը, պարզվում է, գուրմաններն են ու երեխաների և հիվանդների համար հեշտ մարսվող միս փնտրողները։

Ճագարաբուծական բիզնեսի ծավալների ընդլայնման, երկրով մեկ տարածելու նպատակով ֆերմերը Կոտայքի մարզում տոհմային համալիր է կառուցում․ կենդանիներին բազմացնելու հետ տեղում նաև ուսումնական կենտրոն կբացեն, որ գյուղացիներին սովորեցնեն փափկամազերից ինչպես փող աշխատել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում