Լարված իրավիճակ գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի թաղամասի մի քանի բնակչի և ԴԱՀԿ աշխատակիցների միջև

ՀՀայկ Նավասարդյան

Բնակիչ-հարկադիր կատարող վեճը մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասում է՝ Հանրապետության նրբանցք 8ա տան բակում: Այս հասցեն Ֆիրդուսի թաղամասի մյուս տների հետ 2007-ի հունվարին և 2018-ի մարտին պետությունը ճանաչել է հանրային գերակա շահ: Տարածքում նախատեսվում է մայրաքաղաքի գլխավոր հատակագծով Հարավային թաղամաս կառուցել, սեփականատերերին կառուցապատողը փոխհատուցում է առաջարկել. գումարը այս սեփականատիրոջ սրտով չէ:

Դավիթ Սաֆարյան (Հանրապետության նրբ., 8ա տան բնակիչ) - Գնահատվել է տարածքը, շուկայական արժեքը` 750 դոլարին համարժեք դրամ մեկ քառակուսի մետր: Այ, տեսեք, կառուցվող շենքի համար քառակուսին 4000 դոլար է, իսկ կառուցապատողը առաջարկում է 750 դոլար: Իսկ որտեղ են տարածք առաջարկում` ոչ մի տեղ: Գումար են առաջարկում: Երկրորդ փորձաքննություն է ներկայացվել:

Կառուցապատող-բնակիչ վեճը հասել է դատարան: Հանրային գերակա շահը հաշվի առնելով՝ Երևանի առաջին ատյանը դատաապրանքագիտական փորձաքննություն է նշանակել՝ պարզելու տան արժեքը:

Սեփականատերերը չեն թույլատրում հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն` ապահովել փորձագետների մուտքը:

Վազգեն Գալումյան (Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր խորհրդատու) - Մենք ունենք Երևանի Առաջին ատյանի դատարանի կատարողական թերթ, ըստ որի` պետք է ապահովել ՀՀ փորձագիտական կենտրոնի ՀՈԱԿ-ի փորձագետի մուտքը Հանրապետության նրբանցք թիվ 8/ա հասցեում գտնվող տուն` դատաապրանքագիտական փորձաքննություն իրականացնելու համար, բնակիչները խոչընդոտում են մեր աշխատանքը:

2007-ին՝ հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո, բնակիչների մեծ մասի՝ մոտ 375 միավոր գույքի համար կառուցապատողը փոխհատուցում է տրամադրել, այս պահին դեռ օտարված չէ 113 տուն, այդ թվում` այս հասցեն:

Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Շողիկ Երանյանի խոսքով՝ 2021-ին՝ օրենքով սահմանված կարգով այս ընտանիքի գույքը գնահատվել է 408 միլիոն դրամ:

Շողիկ Երանյան («Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն) - 2021 թվականի դրությամբ գնահատվել է, վերագնահատվել է երեք ամիս անց` 22.11.2021-ին, 408 200.000, որի վրա կիրառվել է 15 տոկոս հավելյալ գումար, ընդհանուր փոխհատուցումը կազմել է 469.430.000 դրամ, չի համաձայնել նշված արժեքին, իրականացվել են օրենքով սահմանված գործողություններ: Պարտավորվում է ձեռքբերողը այդ գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին:

Ռաֆայել Սաֆարյան (Հանրապետության նրբ., 8ա տան բնակիչ) - Ձեռք բերողը, կառուցապատողը այս տան համար առաջարկել է ծիծաղելի գումար: Այս շենքի համար գնահատել է 152.000 դրամ մի ք/մ-ի համար, հողը գնահատել է 710 դոլար, որը չի համընկնում շուկայական արժեքին:

Գումարը, ըստ Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի, որ պահանջել է այս ընտանիքը, նախնական բանակցությունների ժամանակ եղել է 3 միլիոն դոլար, ինչին ձեռք բերողը չի համաձայնել:

Շողիկ Երանյան - Մենք խնդրել ենք քաղաքացուն, որ հիմնավորի այդ գումարը, սակայն 3 միլիոն պահանջելուց որևէ գնահատման հաշվետվություն կամ փորձաքննություն չի ներկայացրել:

Ֆիրդուսի այս բնակիչները իրենց առաջարկն ունեն. պահանջում են իրենց սեփականությանը համարժեք` Կենտրոնում այլ տարածք տրամադրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում