Հայաստանը՝ 2023-ի լավագույն զբոսաշրջային ուղղություն, Երևանը՝ անվտանգ քաղաք

ՎՎահե Դավթյան

Ուր գնալ 2023 թվականին: Հայաստանը հայտնվել է Forbes-ի վարկանիշային ցուցակում՝ որպես այս տարվա տուրիստական լավագույն ուղղություններից մեկը։ Պարբերականը Հայաստանի մասին գրում է.

«Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այստեղ հիասքանչ բնանկարներ են՝ լեռները, Սևանա լիճը, բազմաթիվ հնագույն ճարտարապետական հուշարձաններ՝ Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը։ Դրանց մի մասը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում է: Երկիրը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով»։

Սուսաննա Հակոբյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ) - Սա նաև պայմանավորված է մեր ակտիվ մարքեթինգային քաղաքականությամբ: Ունենք նոր բրենդ, վեբ կայք, թիրախային շուկաներ: Ունենք նոր ուղղություններ, որ նախկինում չեն եղել:

Այս տարի առաջին անգամ կկազմակերպվեն նաև թիրախավորված մարքեթինգային արշավներ միջազգային ավիաընկերությունների հետ:

Սուսաննա Հակոբյան - Միշտ բարձրաձայնվել է այդ հարցը, որ չենք ունեցել թիրախավորված արշավներ ավիաընկերությունների հետ:

Ըստ տարբեր կանխատեսումների՝ 2023 թվականին սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան, որը կարող է գերազանցել 2019 թվականի ռեկորդային ցուցանիշը:
Այս տարի նախատեսվում է ավելացնել նաև ճանաչողական այցերի քանակը:

Աննա Մարգարյան (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու) - Ճանաչողական այցերը կազմակերպում ենք հիմնականում թիրախային երկրներից, որոնք են ԱՄԷ-ն, Գերմանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

Մեկ այլ հեղինակավոր պարբերական Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկել է աշխարհի ամենաանվտանգ 20 քաղաքների շարքում: Numbeo առցանց պորտալի առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։ Ցուցանիշը կարևոր է մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից, ասում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը:

Սուսաննա Հակոբյան - Անհատական կերպով իրենց զբոսաշրջությունը կազմակերպող զբոսաշրջիկները շատ հետևողական են և հետազոտությունների միջոցով փորձում են հասկանալ՝ արդյոք տվյալ երկիրը անվտա՞նգ է, թե՞ ոչ:

2023 թվականին կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությունը, որտեղ անվտանգությանը կարևոր տեղ է հատկացվել:

Սուսաննա Հակոբյան - 2020 թվականից հետո  այդ առումով մի փոքր դժվարություններ կային:

Վարկանիշում ընդհանուր առմամբ ներառվել է 417 քաղաք։ Հարևան մայրաքաղաքներից Թբիլիսին գտնվում է 43-րդ տեղում, Բաքուն 85-րդն է, Անկարան՝ 159-րդը, Թեհրանը՝ 311-րդը։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում