Դատապարտյալների բուժման համակարգում կատարված բարեփոխումները

ԼԼիլիթ Դանիելյան

Քրեակատարողական հիմնարկներում այս տարի ներդրվել ու գործարկվել է հեռաբժշկության համակարգը. դա կարևոր ձեռքբերում է համարում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ընդգծում՝ այս կերպ ՔԿՀ-ում բուժումը դառնում է արդյունավետ, օպերատիվ և նվազ ծախսատար:

Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության փոխնախարար) - Օրինակ՝ եթե «Արմավիր» ՔԿՀ-ում կունենանք այնպիսի մի դեպք, որ պացիենտը կունենա, օրինակ՝ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության կարիք, բայց այդ պահին տվյալ մասնագետը չի լինի տվյալ հիմնարկում, այլ կլինի, օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում», տեսակապի միջոցով կկարողանանք կապ հաստատել տվյալ հիմնարկի տվյալ բժշկի հետ, և ըստ այդմ արագ կոնսուլտացիա կիրականացվի, և կկարողանանք հասկանալ՝ արդյոք անձը հրատապ միջամտության կարիք ունի՞ կամ մեկ այլ հետազոտության:

Փորձը ցույց է տալիս, որ դատապարտյալ-կալանավորների փախուստի հիմնական փորձերը լինում են հիվանդանոցից, համակարգի ներդրմամբ կլուծվի նաև այս խնդիրը, ասում է փոխնախարարը և ընդգծում՝ քաղաքացիական հիվանդանոցներում սենյակները առանձնացված չեն, չկան համապատասխան հարմարություններ, ինչպես անազատության մեջ գտնվող անձանց, այնպես էլ նրանց պահպանությունը իրականացնող ծառայողների համար:

Արփինե Սարգսյան - Առողջապահության նախարարության հետ, մեր գործընկերների հետ պլանավորել ենք տարբեր հիվանդանոցներում առանձնացնել, այնպիսի մասնաշենքային հատվածներ ունենալ, որտեղ մի քանի սենյակ դատապարտյալների ու կալանավորված անձանց համար, և էստեղ մենք կկարողանանք տեսադիտման համար հարմարանքներ ունենալ և ոչ միայն:

Այս տարվա ձեռքբերումներից է համարվում ՔԿՀ-ներում բժշկական անձնակազմի վերապատրաստումը, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: Բժշկական անձնակազմը աստիճանաբար ձերբազատվում է թղթային տարբերակով հիվանդությունների պատմագրերից, բժշկական ամբուլատուր քարտերից, խոշտանգման, վատ վերաբերմունքի զննության արձանագրություններից:

Նոր համակարգը թույլ է տալիս ամբողջ տվյալները գեներացնել էլեկտրոնային պլատֆորմում, այսպիսով ոչ միայն ժամանակ խնայել, այլև կոռուպցիոն ռիսկերից ապահովագրվել՝ ասում է Արփինե Սարգսյանը և ընդգծում՝ տվյալների բազայում կլինի բժշկական քարտ:

Արփինե Սարգսյան - Սա թույլ կտա նաև քաղաքականություն մշակողի ձեռքին ունենալ գործիք՝ գնահատելու ՊՈԱԿ-ի աշխատանքը, օրինակ՝ հասկանալ՝ տվյալ տարվա կտրվածքով քանի հոգի է ստացել ստացիոնար բժշկական օգնություն, սպասարկում, քանի հոգի՝ ամբուլատոր, որոնք են, որ, օրինակ՝ տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց», որոնք են, որ տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց, արդյոք դա եղել է դատապարտյալի ցանկությո՞ւն, թե՞ մենք չենք ունեցել անհրաժեշտ ռեսուրսներ հիմնարկի մակարդակում դա ապահովելու:

Դեկտեմբերի 23-ի դրությամբ ստացիոնար բուժում ստանում են 109 ազատազրկված անձ, որոնցից 98-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոցում», իսկ 11-ը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում։ Այս տարվա կարևորագույն ձեռքբերումներից է նաև ՔԿՀ-ներում հեպատիտ C ախտորոշմամբ անձանց բուժումը անվճար դարձնելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում