Շինարարական աշխատանքները Արմավիրի համայնքներում կշարունակվեն նաև հաջորդ տարի

ՀՀայկուշ Ասլանյան

Լենուղու բնակիչ տիկին Սուսաննայի հոգսը թեթևացել է. առանց պոմպն աշխատեցնելու՝ ցանկացած պահի կարող է լվացքի մեքենան միացնել: Քանի դեռ գյուղի ջրագծերը չէին փոխել, տեխնիկան գործի գցելու համար նաև էլեկտրաէներգիա էին սպառում: Հիմա և՛ գործն է հեշտացել, և՛ ծախսը թեթևացել:

Սուսաննա Քանդոյան (Լենուղու բնակիչ) - Ջուրը ինքնահոս բարձրանում է, աղբյուրից վերցնում ենք, տանն էլ չլինենք, ինքն իրեն լցվում է:

Լենուղի և Այգեվան գյուղերում ուրախ են, որ սուբվենցիան նաև իրենց մոտ է հասել: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ այս բնակավայրերում ամբողջությամբ փոխվել է ջրատար ներքին ցանցը, իսկ Լենուղիում նորակառույց թաղամասի համար նաև նոր խողովակաշար է կառուցվել: Շուրջօրյա ջուր ունեցող բնակավայրերի թիվն ավելացել է երկուսով:

Հրաչյա Ներսիսյան (Լենուղի համայնքի բնակիչ) - Մարդիկ կային, որ մեքենաներով ջուր էին կրում, իսկ հիմա ծորակը բացում ենք՝ ջուր կա և՛ խմելու, և՛ լողանալու համար:

Իսկ Արմավիր քաղաքում Աբովյան փողոցի ասֆալտապատումն ավարտել ու սկսել են նորոգել ամենաերկար փողոցներից մեկը: 1350 մետր երկարությամբ Գորկու փողոցը շահագործման կհանձնեն եկող տարի: Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով: Ընդհանուր արժեքը 350 մլն դրամ է:

Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Անում ենք այն աշխատանքները, որոնք այս եղանակային պայմաններին թույլատրելի են: Այս պահին +10 աստիճան է, ինչը նորմալ է ներքին շերտի աշխատանքներն իրականացնելու համար:

Քանի դեռ եղանակը թույլ է տալիս, ճանապարհաշինարարները շտապում են ավարտին հասցնել ներքին շերտի հարդարումը: Իսկ անհարմարություններ ստեղծող դիտահորերը ասֆալտի երկրորդ շերտը փռելուց հետո մեքենաների տեղաշարժին չեն խանգարի:

Հայկ Ավագյան (շինարարական ընկերության փոխտնօրեն) - Վերին շերտն անելուց հետո լրիվ հարթ կլինի: Շատ բարձր որակի է, քանի որ երկշերտ է, ներքին շերտը 6 սմ է, վերին շերտը՝ 4 սմ:

Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Մենք այն կշարունակենք, երբ եղանակային պայմաններն ավելի լավը լինեն:

Այս աշխատանքները կշարունակվեն գարնանը, ընթացիկներն էլ կավարտեն մինչև տարեվերջ, իսկ 2022-ը կճանապարհեն լուսավորված փողոցներով: Խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում ու նաև քաղաքում ավելի քան 10 կմ լուսավորության ցանց է անցկացվել, լեդ լամպեր տեղադրվել: Տեղական բյուջեով իրականացվող աշխատանքները կշարունակվեն, մինչև լույսը հասնի ամենահեռու գյուղեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում