ՔՏՀԱՏՄ-ն օդանավակայանում ուղևորափոխադրումներ իրականացնողների նկատմամբ վերահսկողություն է սկսել

ՀՀայկ Նավասարդյան

Նշանը զգուշացնում է՝ տարածքում կայանելը թույլատրելի է միայն օդանավակայանի կողմից արտոնված, լիցենզիա ունեցող տաքսիներին:

Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ) - Այստեղ պահանջները մի քիչ խիստ են. պետք է տրանսպորտային միջոցները լինեն մինչև 7 տարեկան, սպիտակ գույնի, աշխատեն գործարանային վառելիքով, այսինքն՝ հստակ չափանիշներ են դրված:

Կադրում երևացող մեքենան, օրինակ՝ սպիտակ չէ, տաքսու տարբերանշանով է, արտադրման տարեթիվն էլ հին է: Սա տեսուչի համար մեքենան ստուգելու հիմք է:

Արման Քալաշյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Եթե իրենք լիցենզիա չունեն, արձանագրություն ա կազմվում: Առաջին անգամ՝ 50.000 դրամ, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում կամ կրկնապատկվում է, որոշում է տեսչական մարմնի ղեկավարը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնողների նկատմամբ վերահսկողություն է սկսել: Քաղաքացիներից բազմաթիվ դիմում-բողոքներ են ստացել հին մեթոդներով ուղևոր փախցնողների, ապօրինի, առանց լիցենզիայի աշխատողների գործունեությունից:

Արթուր Արաբաչյան - Այսինքն՝ տարբերությունը կայանում է նրանում, որ օդանավակայանի համար լիցենզիա ստացած տաքսիները կարող են այստեղ կայանել, իրականացնել ուղևորափոխադրումները, ընդհանուր լիցենզիա ստացածները՝ ոչ: Բայց կարող են մարդ բերել իջեցնել, վերցնել, բայց կայանել՝ ոչ:

Տեսուչների խոշորացույցում նաև օնլայն ուղևորափոխադրողներն են:

Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ) - «Յանդեքս» լոգոյով տաքսին կայանած ա, բայց լիցենզիա չունի փաստորեն, կազմվում ա համապատասխան արձանագրություն:

Մինչև ուժեղացված ծառայություն սկսելը մոտ մեկ ամիս առաջ տեսչական մարմինը թե՛ օդանավակայանի տարածքում, թե՛ հանրապետությունում աշխատող տաքսիստներին զգուշացրել, հորդորել էր մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել: Վարորդների հիմնական պատասխանը գրեթե նույնն է՝ չենք լսել:

Տեսչականի պատասխանատուն հիշեցնում է՝ Հայաստանում տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզավորման երկու կարգ է գործում. մեկը՝ միայն օդանավակայանի տարածքում ծառայություն մատուցելու համար, մյուսը ընդհանուր է բոլորի համար:

Արթուր Արաբաչյան - Անհատ վարորդների լիցենզավորման գործընթացը անվճար է, չկան հարկեր, տուրքեր, այլ վճարներ: Ուղղակի պետք է դիմեն լիազոր մարմին և ստանան թույլտվություն: Էս պահին օդանավակայանի տարածքից դեռևս ոչ մի ընկերություն լիցենզիա չի ստացել:

Տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզավորման ենթակա չեն աջ ղեկով, երկու դուռ ունեցող և ձեռքի արգելակման համակարգ ունեցող մեքենաները: Օրվա ընթացքում միայն օդանավակայանի տարածքում տեսչական մարմինը 10 արձանագրություն կազմեց. բոլոր դեպքերում ուղևորափոխադրողները ծառայություն էին մատուցում առանց լիցենզիայի: Ի դեպ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացանք, որ մինչև այս պահը օրինական դիմել և օդանավակայանում աշխատելու լիցենզիա են ստացել ընդամենը 15 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում