«Ճանապարհը չի կարող որևէ կերպ ադրբեջանական վերահսկողության ներքո լինել». Բեգլարյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Բերձորի միջանցքը՝ նոր խնդիրներ ստեղծելով շրջափակման մեջ մնացած 120 հազար արցախցիների համար:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետնախարարի խորհրդական) - Հումանիտար իրավիճակն Արցախում օրեցօր վատանում է՝ հաշվի առնելով տարբեր կարիքներ՝ և՛ կենցաղային բնույթի, և՛ սննդի, պարենի հետ կապված:

Օրեր առաջ, երբ Բերձորի միջանցքով դեպի Արցախ անցան ռուս խաղաղապահների բեռնատարները, Ադրբեջանն առիթը օգտագործեց հայտարարելու, թե հումանիտար բեռով մեքենաները անարգել մուտք են գործում Արցախ:

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ տեղափոխվել են ռուս խաղաղապահների համար նախատեսված բեռներ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է՝ բնապահպան ներկայացող ադրբեջանցիներն արգելել են հումանիտար բեռներով մեքենաների մուտքը Արցախ:

Էդմոն Մարուքյան (հատուկ հանձնարարություններով դեսպան) - Ադրբեջանի այսպես կոչված բնապահպանական ակտիվիստներն իրենց իրավունք են վերապահել ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը։ Ըստ էության, նրանք ապօրինաբար իրենց վերապահել են մաքսավորի գործառույթ։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի:

Արտակ Բեգլարյան - Մեզ համար սկզբունքային հարցը հենց սա է, որ ճանապարհը չի կարող որևէ ձևով ադրբեջանական վերահսկողության ներքո լինել, և հենց այդ պատճառով էլ ասում ենք, որ ճանապարհը փակ է: Այո, գուցե ինչ-որ հայկական մեքենա փորձի գնալ, իրենք «բարի կամք» դրսևորեն, ասեն՝ գնա, բայց՝ նվաստացնելով:

Միջանցքը փակելուց հետո Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանը դեկտեմբերի 14-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դեկտեմբերի 15-ին Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել էր մինչև ամսի 19-ը դիրքորոշում հայտնել իրավիճակի վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնեցին՝ թեև Բաքվին ներկայացված վերջնաժամկետը լրացել է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցի վերաբերյալ Հայաստանը գրություն չի ստացել: Փոխարենը՝ Ադրբեջանը լրացրել է Հայաստանի դեմ գանգատներից մեկը՝ ասելով, թե, իբր, Բերձորում, Աղավնոյում և Սուսում հայերը ոնչնացրել են ադրբեջանցիներին պատկանող օբյեկտները:

Արտակ Բեգլարյան - Սա ուղղակի Ադրբեջանի այն քաղաքականության շրջանակներում է, որով փորձում են ուշադրություն շեղել, իբր թե հավասարության նշան դնել, որպեսզի Եվրոպական դատարանում կամ միջազգային միջնորդները մտածեն, թե, փաստորեն, երկուսն էլ իրար արժանի են:

Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով 7-րդ օրը նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանը խնդրի լուծման ակնկալիքներ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում միջանցքի վերաբերյալ քննարկումից: Նշում է՝ խնդիրն առնվազն կմիջազգայնացվի, կավելանա Ադրբեջանի վրա ճնշումը, երկարաժամկետ հեռանկարում ՄԱԿ-ը ներգրավվածություն կունենա Արցախի հումանիտար և քաղաքական խնդիրների լուծման հարցում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում