Եզդիներն այս օրերին նշում են իրենց ազգային տոնը

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխարհի բոլոր եզդիներն այս օրերին նշում են իրենց ազգային՝ Կարմիր Սըլթան Էզիդի տոնը: Ըստ ծիսակարգի՝ եզդիների հոգևորականը նախ աղոթքի ներքո հատուկ զոհաբերություն է անում: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին նրանք սնվում են միայն մինչև արևածագը, օրվա ընթացքում ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում բուն տոնը:

Խդր Հաջոյան (Եզդիների ազգային միության նախագահ) - Սա միտված է թե՛ հոգեպես, թե՛ մարմնով ֆիզիկապես մաքրմանը մարդուն, երեք օր մաքրվելուց հետո դիմավորի Սըլթան Էզիդին իր օջախում: Սա ևս մեկ անգամ միտված է հոգևոր արժեքների արժևորմանը, կարևորմանը: 

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի խոսքով՝ տոնի գլխավոր խորհուրդներից մեկը միասնությունն ու խաղաղությունն է: Իսկ խաղաղություն հաստատվում է, երբ գժտված, իրարից խռոված եզդիներն այդ օրը հաշտվում են: «Դա պարտադիր է»,- ասում է Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդը:

Բրո Հասանյան (Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ) - Ուրբաթ օրվանից մենք համարում ենք Կարմիր Սըլթան Էզիդիդն արդեն եկել է և հաջողություն է բերում, ամենակարևորը՝ խաղաղություն երկրին, մեզ և բոլոր ժողովուրդներին: Ուրբաթ օրվանից շաբաթ կիրակի մենք արդեն ճանապարհում ենք Կարմիր Սըլթան Էզիդին: 

Եզդիներն իրենց հոգևոր տոնին երկար են պատրաստվում: Եզդիական ազգային հնագույն ավանդույթների մեջ կարևոր է նաև, որ տան կինը հարևաններին մատաղի մսով, բրինձով, ձկով ու բանջարեղենով պատրաստած ուտեստներ հյուրասիրի: Խդր Հաջոյանի խոսքով՝ բացառվում են խոզի մսով, կաղամբով ու կանեփով պատրաստված ուտելիքները: Եզդիների ազգային միության նախագահը շնորհակալություն է հայտնում Հայաստանին, նշում՝ միակ երկիրն է, որտեղ եզդիները խտրականության չեն ենթարկվում:

Խդր Հաջոյան - Այսօր մենք՝ եզդիներս, ՀՀ-ում ի փառս մեր պետականության, մեր հայոց պետականության, կարողանում ենք առանց որևէ խտրականության պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մեր մշակույթը Հայաստանում, մեր ազգային դեմքը պահել: 

Ավելի քան 40 000 անդամ ունեցող եզդիական համայնքին Հայաստանի եզդիների ազգային միության նախագահը հիշեցնում է՝ իրենք Զատիկ չունեն, Կարմիր Սըլթան Էզիդիի միջոցառումը ազգային տոն է: Ըստ Հաջոյանի՝ ցավոք, շատերն այս տոնը շփոթում են քրիստոնեական Հարության տոնի հետ:

Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում