Պաշտպանության նախկին փոխնախարարը դասավանդում է դպրոցում

ՔՔրիստինե Ոսկանյան

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, նախարարի նախկին խորհրդական Գեղամ Հարությունյանն այժմ դասավանդում է դպրոցում՝ պատմություն և հասարակագիտություն: Ասում է՝ անցումը կտրուկ չէ, որովհետև համալսարանն ավարտելուց հետո առաջին երկու տարին դպրոցում է աշխատել: Հետո էլ պարբերաբար վերադարձել է, որովհետև երեխաներին ու պատմությունը միշտ է սիրել:

Գեղամ Հարությունյան (Երևանի համար 135 հիմնական դպրոցի ուսուցիչ) - Հայկական լեռնաշխարհում արդեն բնակվում էին հայախոս ցեղեր՝ տարբեր բարբառներով: Նա մեկ պետության մեջ համախմբելով նրանց, հայ ժողովրդի կազմավորման գործընթացին նպաստեց, որպեսզի այդ գործընթացն ավելի արագ տեղի ունենա: Որովհետեև այլ բան է, եթե դուք հիմա դուրս գաք և ցրվեք, այլ բան է, երբ որ դուք հավաքվել եք նույն դասարանում: Այստեղ դուք շփման եզրեր ունեք, ընդհանուր հարցեր են առաջանում:

6-րդ «Բ» դասարանցիներն են: «Պատմություն» առարկան դեռ նոր են ուսումնասիրում, բայց արդեն սովորածից առանձնացնում են հատկապես տպավորածները:

Գեղամ Հարությունյանը համամիտ է գոյություն ունեցող համոզմանը՝ կրթության ոլորտում արդյունավետությունը բարձր չէ: Դասագրքերի բովանդակության մասին սուր բանավեճերն էլ հիշում է: Բայց ամենահիմնական խնդիրը համարում է շահագրգռվածության պակասը:

Գեղամ Հարությունյան - Ցանկացած համակարգում արդյունավետությունը բարձրացնելու համար սկզբունքային մոտեցումներ կան. այն կողմերը, որոնք մասնակից են պրոցեսին, պետք է շահագրգռված լինեն արդյունքով: Տվյալ դեպքում մասնակցում են աշակերտները (իհարկե, նրանց թիկունքում ծնողներն են, ընտանիքները) և ուսուցիչները:

Ուսուցիչների կամավոր ատեսատվորումը, ինչի միջոցով վարձատրությունը կարող է բարձրանալ, խնդրի լուծման ճանապարհին համարում է կարևոր, բայց ոչ բավարար պայման: Բազային աշխատավարձը, ասում է, պետք է բարձր լինի ամե՛ն դեպքում:

Գեղամ Հարությունյան - Չգիտեմ՝ որքանը կատեստավորվեն սահմանված չափանիշներին համապատասխան, բայց առանց ուսուցչության հիմնական զանգվածի՝ դպրոցական գործ կազմակերպել չես կարող:

Կարծում է՝ մանկավարժի աշխատանքը պետք է սոցիալական տեսանկյունից հրապուրիչ լինի հենց սկզբից, որ նոր ու երիտասարդ կադրերն էլ ձգտեն դպրոց: Ինքը մասնակցել է կամավոր ատեստավորմանը, հասել հաջողության:

Գեղամ Հարությունյան - Սպորտային մարդ եմ իմ էությամբ, սիրում եմ մրցել, և դա ընդունեցի որպես մարտահրավերի նման մի բան: Իսկ ինչու ոչ, ինչու չփորձել պարբերաբար ինքդ քեզ, ինչ արժես դու որպես մասնագետ:

Հարությունյանն ասում է՝ պետք է ձևեր գտնել, որ աշակերտը չծուլանա, չմտածի՝ միևնույն է՝ ուսուցիչն ավարտեցնելու է իրեն: Լուծումը սելեկցիոն համակարգեր ներդնելու մեջ է տեսնում: Կարծում է՝ չառաջադիմող, սովորել չցանկացող աշակերտները 7-րդ դասարանից հետո պետք է հիմնական դպրոցի ծրագիրը շարունակեն արհեստագործական ուղղվածությամբ, ինչը նաև նրանց համար լավ կլինի: Ավագ դպրոց անցումն էլ, նրա համոզմամբ, պետք է լինի մանկավարժական կոլեկտիվի երաշխավորությամբ: Հակառակ դեպքում երեխաներից պահանջվի քննություններով ապացուցել գիտելիքներն ու կարողությունները:

Գեղամ Հարությունյան - Սա կյանքի դպրոց է նաև, էստեղից դաստիարակության խնդիր է լուծվում, և երեխաները հենց սկզբից պետք է սովորեն, որ մրցակցային դաշտ են մտնելու վաղը, և իրենք այդ մրցակցության մեջ պետք է որակներ ունենան, որպեսզի կարողանան հաղթող դուրս գալ: Կյանքը պայքար է:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում