Չօգտագործվող հողերը կմշակվեն անասնակերի արտադրության նպատակով

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանում վարելահողերի 50 տոկոսը նպատակային չի օգտագործվում: Մինչդեռ դրանք հնարավոր է արդյունավետ օգտագործել, եթե մշակվեն անասնակերի արտադրության նպատակով: Հայաստանի երեք մարզում վարելահողերի նորագույն մեթոդներով մշակման փորձնական ծրագրից հետո համոզվել են Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության և «Շեն» բարեգործական կազմակերպության մասնագետները:

Լևոն Մովսիսյան (Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության խորհրդատու) - Ֆերմերը ստացել է աջակցություն ծրագրից, և իր 10 տարի և ավելի չմշակված վարելահողերը բարելավվել են, իսկ երեք մարզերի համայնքները ստացել են 100 հեկտար արոտավայրի բարելավում:

Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում չօգտագործվող ավելի քան 300 հեկտար վարելահողեր արդեն նպատակային են մշակվում:

Համայնքների հեռավոր հողերում ֆերմերներին առաջարկել են մշակության նոր մեթոդներով կորնգան աճեցնել: Տնտեսական էֆեկտն ակնհայտ է՝ ասում են մասնագետները, բացի դա, արոտների դեգրադացումը կանխելու նպատակով առաջարկվել է օգտագործել հատուկ խոտախառնուրդ:

Նվարդ Շահմուրադյան («Շեն» բարեգործական հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրերի համակարգող)- Ակնկալվում է, որ մեկ հեկտարից տարեկան կստացվի ավելի քան 200.000 դրամ եկամուտ, իսկ նախկին տեխնոլոգիայի պարագայում դա 120.000-130.000 դրամ էր կազմում:

Վերջին 10 տարում Հայաստանում կորնգան չեն մշակում: Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության ղեկավարը վստահ է՝ պիլոտային ծրագիրը համատարած դարձնելու դեպքում ոչ միայն չմշակվող հողերը կմտնեն շրջանառության մեջ, այլև կբարձրանա անասնապահական մթերքների ինքնաբավության մակարդակը:

Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Ծրագրի արդյունքների գնահատումը հնարավորություն կտա հետագայում նոր մոտեցումներով նոր ծրագրերի մշակման համար:

Հաշվի առնելով արդեն իսկ առկա փորձի արդյունքները՝ Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության փորձագետներն առաջարկում են Կառավարությանը սուբսիդավորել նաև անասնակերի արտադրության ծրագրերը, որով հնարավոր կլինի մշակել կերային բարձրարժեք մշակաբույսեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում