Հայկական առաջին արբանյակն անցել է թեստավորումն ու պատրաստ է շահագործման. ԲՏԱ նախարար

ՄՄուշեղ Իսախանյան

Տիեզերքում արդեն գրեթե 6 ամիս պտտվող հայկական առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, պատրաստ է շահագործման, այն ամբողջապես անցել է թեստավորումը և կարգաբերումը՝ դրական արդյունքներով: Հիմա պետությունը աշխատում է կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ:

Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Մոտ ժամանակներս կժամանի արդեն Հայաստան աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով, սարքավորումների մեծ մասը արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետները անցնում են վերապատրաստման աշխատանքներ, և կառավարման կենտրոնը մեզ հնարավորություն կտա ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով:

Պատասխանատուները վստահեցրին՝ կառավարման կենտրոնի սարքավորումների մեծ մասն արդեն Հայաստանում է, նախնական գնահատականով՝ այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

Խուան Թոմաս Հերնանի (SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն) - Կառավարման կենտրոնի կարևոր գործառույթներից մեկն այն է, որ այստեղ ներբեռնվում է տվյալների ամբողջ բազան, և այդ բազան կարող է գործածվել՝ հետագայում կիրառվելով նաև կառավարության կողմից:

Սա նաև Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ էր՝ հավելեց նախարար Խաչատրյանը, նաև տեղեկացրեց՝ արդեն 10-ից ավելի ընկերություններ հետաքրքրված են ծրագրով ու ցանկանում են ներգրավվել: Պատասխանատուներն անդրադարձան նաև արբանյակը ռազմական նպատակներով օգտագործելու հարցին:

Ավետ Պողոսյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - ՀՀ տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է վերջին շրջանում ստացված տեղեկություններին, այ հենց մեր հետևում գտնվող տեսաշարի մեջ երկրագնդի տարբեր կետերից արված նկարներ կան, օրինակ՝ կա նաև Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող Հայաստանի պատկեր, որն արվել է սեպտեմբերի 14-ին:

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն էլ անդրադարձավ քննադատություններին, թե արբանյակը արդեն կես տարի է՝ տիեզերքում է, բայց չի օգտագործվում, նշեց հիմնական պատճառը:
 
Նպատակ կա Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: ARMSAT-1-ի տիեզերք բացթողումը չափազանց արագ է ստացվել, ինչը, ըստ փոխնախարարի, ցույց է տալիս, որ մեր երկրում ոլորտի զարգացման համար մեծ ներուժ կա:

Ավետ Պողոսյան - Մենք շատ արագ կանցնենք արդեն պետական երկրորդ արբանյակի կազմակերպման, նախագծման աշխատանքներին: Այն առաջին արբանյակից էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլ նաև այն բանով, որ և՛ նախագծման, և՛, ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլ նաև կլինի հայկական արտադրության առաջին արբանյակը:

Արբանյակի լուսանկարները կարող են կիրառվել ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ճանապարհաշինություն ու օդերևութաբանություն, արտակարգ իրավիճակներից մինչև քարտեզագրություն ու ջրային ռեսուրսների կառավարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում