ՄՄերի Եգորյան

Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են. Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը

Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են. Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարը: Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է.

«Սիրելի՛ ուսանողներ,

Ջերմորեն և բարի մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են, կարծրատիպերի դեմ պայքարների և հաղթանակների, փոփոխությունների ու նորարարությունների խորհրդանիշը: Դուք գտնվում եք այնպիսի փուլում, երբ բացահայտում եք աշխարհը, ճանաչում կյանքն ու միջավայրը՝ որդեգրելով ձեզ համար կենսական և ուղենշային սկզբունքներ: Կրթության, գիտելիքի, իմացության անսպառ աշխարհում կերտելով ինքներդ ձեզ՝ առաջնային համարե՛ք նաև ձեռքբերումները` դրանք ծառայեցնելով ի շահ պետության, ի նպաստ ձեր համայնքի ու միջավայրի վերափոխման: Կայացե՛ք և զարգացե՛ք ձեր ընտրած մասնագիտությամբ, ձգտե՛ք լավագույնին, դարձե՛ք լավագույնը. ձեզնից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. դուք դա կարող եք:

Միշտ հիշե՛ք՝ պետությունը ձեր վստահելի գործընկերն է և ջանք չի խնայում բարելավելու ձեր կրթական իրավունքի իրացման պայմանները, գրանցելու շարունակական աճ և բարձրացնելու կրթության որակը: Սրան է միտված բարեփոխումների ողջ գործընթացը, որ իրականացվում է այսօր:

Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ ձեզ մշտապես փնտրելու, կրթվելու և ինքնակրթվելու ամուր կամք, մեծ երազանքներ ունենալու համարձակություն, սիրելու և նվիրվելու անսպառ եռանդ:

Բարին ընդ ձեզ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում