Այս տարի նախորդ տարվա համեմատ 20 հազարով քիչ մարդ է Հայաստանից մեկնել արտագնա աշխատանքի

ԼԼիլիթ Դանիելյան

Միայն այս տարի նախորդ տարվա համեմատ 20 հազարով ավելի քիչ մարդ է Հայաստանից մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարը:

Վահան Քերոբյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից մեր երկիր վերադարձածների ուղիղ կեսը՝ 50 հազար մարդ, ռուսական անձնագրերով, բայց հայկական ազգանուններով են: Տարեսկզբից մինչև հիմա նույնքան էլ Ռուսաստանի քաղաքացի է եկել Հայաստան:
 
ԵՐԲ ԿԼՈՒԾՎԻ ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Ե՞րբ կլուծվի Վերին Լարսի անցակետում կուտակված բեռնատար մեքենաների խնդիրը, և արդյոք հարցը քաղաքական դաշտում է՝ հետաքրքրվեցին լրագրողները: Էկոնոմիկայի նախարարը հստակեցրեց՝ ՌԴ-ում Ղրիմի կամրջի պայթյունից հետո Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, և թողունակությունը պակասում է: Այլ ենթատեքստեր փնտրել պետք չէ:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում, որովհետև պրոբլեմը սկսելուց անմիջապես առաջ հերթ չկար, Լարսի անցակետի էսօրվա թողունակությունը նույնն ա, որը եղել ա մինչև էդ դեպքերը, հաշվի առնելով հերթի չափը՝ կազմում ա դա 170 մեքենա: Մեր հերթի երկարությունը 10 օրական ա, չնայած կան մեքենաներ, որ ավելի երկար են կանգնած: Հիմա մենք խոսում են ռուս գործընկերների հետ, որ կարողանանք թողունակությունն ավելի  մեծացնել, ու վերջին խոսակցությունը եղել ա 10-ի երեկոյան, ու էսօր էլի խորհրդակցություն ենք ունենալու, որ պետք ա արագ վերականգնենք:

Քերոբյանի պնդմամբ՝ ռուս և վրացի գործընկերները հավասարապես շահագրգռված են Լարսի անցակետում խնդրին արագ լուծում տալու համար, քանի որ Հայաստանից դուրս եկող բեռները պահանջված են ՌԴ իշխանության, ռուսական ընկերությունների, ինչպես նաև ռուս սպառողների կողմից:

Լարսի անցակետում ամենամեծ խնդիրը արագ փչացող բեռներն են, ինչը նախարարությանը անհանգստացնում է՝ ասաց էկոնոմիկայի նախարարը: Քերոբյանի պնդմամբ՝ սա ևս մեկ առիթ է ընդգծելու համար, որ լոգիստիկ ու անվտանգային հարցերը բյուջեի կատարման գլխավոր ռիսկերն են: Եվ երրորդ կարևորագույն ռիսկը, որը բարձր տնտեսական աճի գլխավոր խոչընդոտն է, մեր երկրում աշխատուժի պակասն է:
 
ԵՐԿՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱԿԱՍ ԿԱ. ՔԵՐՈԲՅԱՆ

Վահան Քերոբյան - Էն աշխատուժի կարիքը, որ կա այսօր, այդքան բնակչություն կա, բայց քանի որ տարբեր պատճառներով այդ աշխատատեղերը հարմար չեն, դրսից միգրանտներն են լրացնում: Առաքման ծառայությունները, շինարարական ընկերությունները ու այլ ոլորտներ ունեն ցածր որակավորում ունեցող աշխատուժի սուր պահանջարկ, ու այդ խնդիրը գլխավոր խոչընդոտն է:

Վահան Քերոբյանը նշում է, որ Կառավարությունն այս ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացնում, և դրա վառ ապացույցը Կառավարության այս տարի ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է: Արդեն 426 ընկերություն օգտվել է պետության ֆինանսավորմամբ նորագույն սարքավորումներ ձեռք բերելու, հոսքագծեր անցկացնելու ու այդպիսով արտադրողականությունը և աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունից:

Վահան Քերոբյան - Ընդհանուր սարքավորումների պորտֆելը 32 միլիարդի է հասնում, ընդ որում՝ միայն հոկտեմբերին 106 ընկերություն ձեռք է բերել 7.7 միլիարդի սարքավորում, ու մենք գնահատում ենք էական քայլ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ ու ունենք նաև բարձր որակավորում ունեցողների խնդիր, դրա համար ևս ծրագիր ունենք, 20-70 տոկոս սուբսիդավորում ենք անում:

Անկախ բոլոր խնդիրներից, էկոնոմիկայի նախարարը նկատեց՝ այս տարի մենք ունենք արտահանման աննախադեպ աճ, հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արտահանումն աճել է 2.25 անգամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում