ԳԳոհար Սարգսյան

Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ

Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ

Նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։

Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։  Նախաձեռնությանը միացել և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ միասին դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացմանը պաշտպանության նախարարության միանալով ծրագրի առաքելությունը լրացվել է նոր իմաստով՝ ապահովել մշտական կապը բանակի և հայրենիքի պաշտպանների միջև՝ նրանց պահելով պետության ու բանակի մշտական հոգածության ներքո, ամրապնդել կապը բանակի, նրա պաշտպանների և Եկեղեցու միջև։

Եվ այս խորհրդի մարմնավորումն է այն, որ վիրավոր զինծառայողներին ուղեկցող խմբում ներգրավված են ինչպես պատերազմի բովով անցած սպաներ, այնպես էլ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը: Ուխտագնացության մասնակիցներին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

Ողջունելով ուխտագնացության մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղեկալ Ա․ Սարգսյանը պաշտպանության նախարարության ամբողջական սատարումն է հայտնել ծրագրին, կարևորել դրա շարունակականության ապահովումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս մեծ թվով վիրավոր զինծառայողներ հաղորդակից կլինեն ծրագրին։

Հերթական խումբը Երուսաղեմ կմեկնի նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում