Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն ամփոփվել է քայլերթով

ԼԼիլիթ Ասատրյան

Հիշե՛ք՝ քաղցկեղը դատավճիռ չէ, հետազոտվեք տարին մեկ անգամ, կանխարգելե՛ք կրծքագեղձի քաղցկեղը:

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է։ Հայաստանում էլ առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղը ժամանակին ախտորոշելուն ու բուժելուն։ Իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով, որին մասնակցել է նաև նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը՝ անցորդներին մոտենալով.

- Մենք ուզում ենք քաջալերել, որ կանայք ճիշտ ժամանակին հետազոտվեն, նաև քույրիկներին, մայրիկներին, որպեսզի ճիշտ ժամանակին հետազոտվեն, և դրանով իսկ կհասնենք նրան, որ քաղցկեղը դատավճիռ չի լինի: Եթե թույլ տաք, մեր խորհրդանշանը ամրացնեմ ձեր կրծքին:

Նախարարը նշել է, որ պետական պատվերով միջոցառումներ են իրականացվում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Վերջին երկու տարիների ընթացքում մենք Լոռիում և Տավուշում իրականացրեցինք 50-65 տարեկան կանանց կանխարգելիչ հետազոտությունների շարք: Ներկայումս մամոգրաֆիայի կայանը տեղակայված է Սիսիան քաղաքում և կսպասարկի ամբողջ Սյունիքի մարզը: 

Հավելեց՝ քաղցկեղի դեմ պայքարը, իհարկե, մի քանի ուղղություններով է: Իրազեկումից ու կանխարգելիչ հետազոտություններից բացի, խրախուսվում է առողջ ապրելակերպը, որովհետև պասիվ կենսակերպը, ծխելը, անառողջ սնունդը ռիսկի գործոններ են ու նպաստում են քաղցկեղի զարգացմանը:

Անահիտ Ավանեսյան - Բայց, իհարկե, դրանով չենք սահմանափակվում, և կարևոր է նաև բուժման կուրսի մեջ պետության ակտիվ աջակցությունը արդեն պացիենտներին: Այս առումով ավելացել են թե՛ դեղորայքային բուժման փաթեթները, թե՛ վիրահատական ամբողջ միջոցառումներն են իրականացվում պետական պատվերի շրջանակներում:

Նախարար Ավանեսյանն արձանագրեց՝ նախորդ տարիներին եղել է դիմելիության աճ, ինչն էլ իրենց գլխավոր նպատակն է: Վերջին տվյալներով՝ Հայաստանում 12592 կին պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Ամեն տարի մեր երկրում շուրջ 1300 նոր դեպք է հաստատվում։

Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելիչ հիվանդություն է, վաղաժամ ախտորոշումը բարձրացնում է բուժման հավանականությունը 100 տոկոսով:

Հեղինակ՝ Աննա Զարխարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում