Երևանում և մարզերում ավելի քան 400 դպրոցում ճաշարանը չի գործում

ՀՀովհաննես Վարդանյան

770 աշակերտ ունեցող 153 հիմնական դպրոցը վերակառուցումից ի վեր նոր ճաշարանը չի շահագործել: Պատճառը սկզբում կորոնավիրուսն էր, հետո տարածքների վարձակալության կարգում 2020-ի փոփոխությունները:

Անուշ Սարգսյան (153 հիմնական դպրոցի տնօրեն- Երկու տարի, ինչու երկու, արդեն` երեք, երեխան ինքն իր սնունդը դպրոց է բերել, իր պայուսակի մեջ առանձին նախաճաշիկի հատված, տուփ է, հարմարեցրել է ծնողը, տվել, որովհետև հարակից խանութներ չունենք: Մենք էս հատվածում կրպակներ չունենք, հետո էդ վազքը, գնալը, ետ վերադարձը, վտանգաշատ է:

Պետական գույքի կառավարման կոմիտեն 2020-ին առաջարկեց կրթական հաստատություններում սննդի համար հատկացվող տարածքների վարձակալության գործառույթը հանձնել իրենց: Կառավարությունն այդ որոշումը հաստատեց, սակայն լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդպես էլ մրցույթ չհայտարարեց:

Արմեն Ավետիսյան (ԿԳՄՍՆ կազմակերպատնտեսական վարչության պետ- Սահմանվում էր, որ պետք է ուսումնական հաստատությունները ունենային համապատասխան տարածքներ սնունդը կազմակերպելու համար, իսկ էդ դեպքում, երբ հետ է վերցվում տվյալ ուսումնական հաստատություններից, խախտվում էին նաև լիցենզիոն պահանջները, և նախարարությունը, հանդիսանալով քաղաքականությունը մշակվող կառույց, դա համարվում էր ոչ նպատակահարմար և ոչ իրագործելի, հետևաբար մենք այդ կետի հետ համաձայն չէինք:

Նախարարությունն այսօր էլ համաձայն չէ այդ որոշմանը և մինչև օրս մրցույթ չի հայտարարում, քանի որ վստահ է՝ բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ, այդ թվում՝ վարձակալական գների հետ կապված: Թեև գնահատված արժեքի 50 տոկոսի չափով է տարածքը տրվում վարձակալության, այնուամենայնիվ, օրինակ, Կենտրոնի թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցներում տարածքի ամսական վարձը կրկնակի է բարձրացել: Ընդ որում, փոխվել է նաև գումարի տնօրինումը: Եթե նախկինում ամբողջ գումարը դպրոցն էր իր կարիքների համար ծախսում, ապա 2020-ի փոփոխությամբ՝ ընդամենը 20 տոկոսը, մնացած 80-ը պետք է փոխանցվի պետբյուջե:

Գևորգ Բաբայան (Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ- Կախված գոտիականությունից` Կենտրոնում է, թե այլ վարչական շրջաններում, մոտավոր 50 քմ-ի վարձակալության արժեքը կարող է տատանվել 10.000-ից մինչև 100.000-ի սահմաններում: Ուղղակի վարձակալության գինը թանկ է լինում, և ոչ մեկը չի ուզում մասնակցի, պայմանագիր կնքի: Էդ գնով ոչ մեկը չի ուզում շահի և սպասարկում իրականացնի:

Կրթական հաստատություններում սննդի մատակարարման խնդիրն օր առաջ լուծելու համար երկու գերատեսչությունները նոր փոփոխություններ են նախաձեռնել: Առաջարկվող տարբերակն այժմ քննարկման փուլում է:

Արմեն Ավետիսյան - Դպրոցները, բուհերը, նախնական ուսումնական հաստատություններն իրենք են արդեն կազմակերպելու մրցույթները, ընտրելու են տվյալ ոլորտում մասնագիտացված կազմակերպության, որոնց հետ կնքվելու է պայմանագիր:

Թե երբ նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ավելի քան 400 կրթական հաստատությունում 2020 թվականի մայիսից մինչև օրս սննդի մատակարարում չի կազմակերպվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում