Փաստաբանը ձերբակալվել է դատավորի գործունեությանը միջամտելու կասկածով. դատավորի հարցով դիմում՝ ԲԴԽ

ԼԼիլիթ Սեդրակյան

Մի շարք աղմկոտ գործեր քննած դատավորն ու բազմաթիվ աղմկոտ գործերում ներգրավված փաստաբանը` Ազգային անվտանգության ծառայության դիտակետում:

Գլխավոր դատախազը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է:

Ժիրայր Ղարագյոզյան (Էրիկ Ալեքսանյանի փաստաբան)441-րդ հոդվածի 2-րդ մասն է, գործերից մեկի շրջանակներում իբրև թե վերագրում են, որ օժանդակել, միջամտել է պաշտոնատար անձի, մասնավորապես` դատավորի մասնագիտական գործունեությանը:

Էրիկ Ալեքսանյանը, սակայն, կասկածանքը չի ընդունում, նրա փաստաբանը այն քաղաքական հետապնդում է որակում, նշում՝ Ալեքսանյանին ցանկանում են լռեցնել:

Ժիրայր Ղարագյոզյան - Բոլորն էլ գիտեն թե ինչպես է գործունեություն ծավալում Էրիկ Ալեքսանյանը` օրենքի տառին համապատասխան: Էս մասնագիտական գործունեության ընթացքում Էրիկ Ալեքսանյանը որևէ ապօրինի գործունեություն չի ծավալել, որևէ միջամտության մասին խոսք լինել անգամ չի կարող:

Ըստ որոշ տեղեկությունների՝ դատավորի ու փաստաբանի կասկածանքը վերաբերում է այսպես կոչված «օրենքով գողի» առնչվող գործերից մեկին:

Ժիրայր Ղարագյոզյան - Նման տեղեկություններ չեմ կարող ձեզ հայտնել, որովհետև մենք քրեական վարույթի նյութերին դեռևս չենք տիրապետում:

Իսկ որտեղից է ձերբակալվել փաստաբանը:

Ժիրայր Ղարագյոզյան - Աջափնյակ նստավայրի դատարանի բակից, որտեղ Էրիկ Ալեքսանյանը իրականացրել է իր մասնագիտական գործունեությունը:

Ըստ փաստաբանի՝ հարկադրանքի միջոց կիրառելիս իր վստահորդի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել: Պաշտոնապես, սակայն, չի հաղորդվում, թե ինչ վարույթի շրջանակում են անցնում դատավորն ու փաստաբանը:

Գլխավոր դատախազություն - Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն: Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ: «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պաշտպանություն է ստանձնել Աղվան Հովսեփյանի, Արմեն Չարչյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և մի շարք քրեական հեղինակությունների գործերով:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում