Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգվում են

ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաներ այցելող քաղաքացիները հաջորդ տարի կունենան հիմնանորոգված առաջին օղակի բուժհաստատություններ: Երևանի համայնքային բյուջեից Նոր Նորք և Ավան վարչական շրջանների բժշկական հաստատությունների նորոգման համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ:

Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այն վարչական շրջաններն են, որտեղ առաջնային օղակի ծառայություն միայն այս կենտրոններն են մատուցում: Այսինքն՝ այս հիմնանորոգումով մի ամբողջ վարչական շրջանի հիմնախնդիր ենք լուծում:

Շինարարությունը մեկնարկել է օրեր առաջ: Ակտիվ ընթացող աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում: Հիմնանորոգված պոլիկլինիկաները նաև կհագեցվեն նոր սարքավորումներով:

Ռուբեն Գրիգորյան (միավորված պոլիկլինիկայի տնօրեն) - Թիվ 5 պոլիկլինիկան գտնվում է, այսպես կոչված, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում և երկար տարիներ այստեղ նորոգման աշխատանքներ չեն կատարվել, ու վաղուց անհրաժեշտություն էր առաջացել այստեղ ներդրումներ կատարելու, հիմնանորոգման աշխատանքներ կատարելու:

Պոլիկլինիկաներում փոփոխությունները, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալի, անհրաժեշտություն են: Տարիների կուտակված խնդիրներ կան՝ կապված բժշկական կադրեր ներգրավելու, սարքավորումների համալրման և շենքային պայմանների հետ:

Գևորգ Սիմոնյան - Քաղաքականությունն էնպիսին է, որ հնության հետ որևէ ասոցացում, որևէ առնչություն չունենա, մեր սարքավորումները, գույքը, մնացած ամեն ինչը: Այսինքն՝ փորձում ենք անցում կատարել լրիվ նոր, ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների:

Եվս տասը պոլիկլինիկայի նախագծա-նախահաշվային աշխատանքներ կիրականացվեն առաջիկա ամիսներին, հաջորդ տարի էլ կմեկնարկի դրանց շինարարությունը, և 2024 թվականին կունենանք ևս տասը՝ ամբողջությամբ հիմնանորոգված առաջնային օղակի կազմակերպություններ:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում