Սոցիալական մեդիան արգելափակելը հիբրիդային պատերազմի դեպքում արդյունավետ լուծում չէ. քննարկում

ԼԼիլիթ Ասատրյան

Սոցիալական մեդիան արգելափակելը հիբրիդային պատերազմի դեպքում արդյունավետ լուծում չէ. հենց սոցիալական հարթակներում են արտաքին աշխարհին կողմնորոշելու համար մղվող հիմնական պատերազմները. պնդումը Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի համակարգող Աննա Նաղդալյանինն է: Վստահության անկում, ապատեղեկատվության մեծ հոսք, մեդիագրագիտության պակաս: Հիբրիդային պատերազմում մեր զբաղեցրած դիրքերը քննարկման սեղանին են: Նաղդալյանը վերջին հարցումներն է ներկայացնում՝ փաստելով` կա վստահության անկում:

Աննա Նաղդալյան (Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի համակարգող) - Դա ոչ միայն գերատեսչություններին է վերաբերում, կա նաև մեդիավստահության անկում, որը արձանագրվել է վերջին հարցման մեջ, հարցվածների 62 տոկոսն ասել է` որևէ քաղաքական գործչի չի վստահում

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանի դիտարկումն է՝ Հայաստանում տեղեկատվական անվտանգության խնդիրները ավելի խորացան պաշտոնական տեղեկատվության նկատմամբ ճգնաժամի պատճառով, որը առաջացավ 44-օրյա պատերազմից հետո:

Գոռ Ծառուկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն) - Եվ մենք ստիպված էինք դրանից հետո փոքր քայլերով վերականգնել որոշակի վստահություն: Սա շատ դժվար է, որովհետև, եթե իրականում լիներ կատարյալ խաղաղ իրավիճակ, գուցե ավելի հեշտ լիներ և կարճ ժամանակում հնարավոր լիներ վերականգնել վստահությունը: Բայց, քանի որ մենք պարբերաբար գտնվում ենք հիբրիդային պատերազմների մեջ, պարբերաբար ենթարկվում ենք ագրեսիայի և տեղեկատվական գրոհների, պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը վերականգնելը բավականին բարդ է

Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը շեշտում է` վստահության այդպիսի հսկայական պակաս կա ամբողջ աշխարհում՝ քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների և լրատվամիջոցների նկատմամբ:

Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - Քովիդի ժամանակ բժիշկները, գիտնականները ապացուցված փաստեր էին բերում, բայց զգալի մասը հավատում էր ինչ-որ հեռավոր մարզի գիտնականի, որ ձեզ «չիպավորում են»:

Քննարկման մասնակիցների կարծիքով` այս պատերազմում կարևոր դեր է խաղում ինֆորմացիոն վակուումը:

Գայանե Աբրահամյան («Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ) - Եթե տեսնում ենք` որևէ մեկը հասարակության անվտանգութան սպառնացող գործողություն է անում, տեղեկություն անում, որին, սակայն, լսում են, պետք է հակակշռել այլ մեկով, որ ուղղորդեն ճիշտ տեղեկությամբ:

Կարևոր է նաև ոչ միայն մեդիա, այլև կիբերգրագիտության բարձրացումը հանրության ու նաև գերատեսչությունների տարբեր օղակներում աշխատողների մոտ. գերատեսչություններից մեկի սխալը ազդում է ամբողջ համակարգի հանդեպ վստահության վրա:

Գոռ Ծառուկյանը տեղեկացնում է` մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, որն առաջիկայում կհրապարակվի:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում