ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման խնդիրները

Քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը  և Գոհար Մալումյանը:  

 Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում հանրային քննարկման  է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը, որն ավելի վաղ երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական և վերադարձվել խմբագրման։ Կարեն Թռչունյանի խոսքով՝ նախօրեին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագիրը», որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց հետո կունենա օրենքի ուժ։ Նա շեշտել է, որ ծրագրից բխող   գործողությունների պլանում ամրագրված է նաև ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը։ Նախագծի հիմնական նպատակը, ըստ փոխնախարարի, բարձրագույն կրթության արդյունավետության  բարձրացումն է և արդիականացումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։ Ըստ փոխնախարարի՝ նոր կրթական ծրագրերը կամ առկա ծրագրերի բարելավումը պետք է բխեն գիտակրթական հանրույթի շահերից և համահունչ լինեն Կրթության ռազմավարության ու ակադեմիական քաղաքի հայեցակարգի սկզբունքներին։ 

Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանն իր հերթին նշել է, որ երեք ուղղությամբ իրականացվել է հետազոտություն՝ պարզելու, թե ճշգրիտ գիտությունների որ ուղղությամբ Հայաստանն ունի կարողություններ, որոնք կարելի է զարգացնել և երկրի համար դարձնել եկամտաբեր ու արդյունավետ։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բարձրագույն կրթության այն ուղղությունների գծով, որոնք ազդեցություն կունենան գիտության զարգացման և  առևտրայնացման վրա։ Իֆեյինվա Օնուգանը վստահեցրել է, որ դա առաջնային նշանակություն ունի Համաշխարհային բանկի համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Համաշխարհային բանկը կմշակի համապատասխան առաջարկներ և կներկայացնի դրանք, իսկ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի Կրթության ռազմավարությանը համապատասխան առաջնահերթությունների սահմանում, որոնք կքննարկվեն հետագա հանդիպումների ընթացքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում