Լեռնավանը շուտով ոչ միայն խմելու, այլև ոռոգման ջուր կունենա

ՎՎահե Կոստանդյան

Արայիկ Սիրունյան (Լեռնավանի բնակիչ) - Սա մեր գյուղի վերևի թաղամասի պապենական աղբյուրն է: Ժողովուրդը օգտվել է հիմնականում սրանից: Նույնիսկ գյուղի կովերը ծարավ սարից գալիս, խմում են:

Սա Լեռնավանի միակ աղբյուրը չէ: Գյուղի շրջակայքում բազմաթիվ ակունքներ կան, սակայն բնակելի տներին ջուր չի հասնում: Խորքային հորից դուրս եկած միակ աղբյուրից օգտվում է մի քանի տուն: Մինչդեռ վայրկյանում ժայթքող 60 խորանարդ մետր ջրի զգալի մասը լցվում է ձորակն ու անտեղի հոսում. այդքան ջրով հնարավոր է լուծել նաև ոռոգման հարցը: Գյուղի երկու ջրամբարների կառուցման և ցանցավորման ծրագիրը մեկնարկել էր դեռևս խորհրդային իշխանության տարիներին, ինչն այդպես էլ չավարտվեց:

Նելսոն Բեգլարյան (Լեռնավան վարչական շրջանի ղեկավար) - Գյուղում ունենք 260 հեկտար վարելահող, որից 44 հեկտարն է այս պահին ոռոգելի, մնացածը անջրդի հողեր են: Առուները հողային են, ջրի կորուստները մեծ են:

Լեռնավան բնակավայրում մեկնարկել է խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծրագիրը։ Համայնքում ցանցավորվելու է 11 կմ ջրագիծ: Շահառու է համարվում համայնքի ամբողջ բնակչությունը: Եվս մեկ ջրամաբար՝ գեոմեմբրանային հիմքով, կկառուցեն ոռոգման նպատակով, որոշել են նաև ձկնաբուծության հնարավորություն ստեղծել:

Համլետ Մազմանյան (Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ, «ԼԵՌՆԱՎԱՆ» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի հիմնադիր տնօրեն) - 108 միլիոն դրամ կազմում է ոռոգման ջրագիծը, 104 միլիոն դրամ խմելու ջրագծերը, ևս 17 միլիոն դրամ՝ գեոմեմբրանային ջրամբարը:

Ծրագիրը հնարավոր եղավ սկսել «ԼԵՌՆԱՎԱՆ» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի և Կառավարության սուբսիդավորման միջոցներով: Գումարի 70 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, 30-ը կներդնի հիմնադրամը: Կարևորագույն նախագծի համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև «Շեն» բարեգործական հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը: Որոշել են՝ ջրամատակարարման ցանցը կաշխատի նորագույն տեխնոլոգիաներով: Ջուրը գյուղի վերին հատված կմղեն պոմպի միջոցով, որի համար էլեկտրաէներգիայի գումար չեն վճարելու, արդեն մտածել են:

Համլետ Մազմանյան - Երկու ֆոտովոլտային կայանները դրվել են «ԼԵՌՆԱՎԱՆ» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի միջոցով: Երկուսը միասին արտադրում են 20 կիլովատտ էլեկտրաէներգիա: Այս կայանը տարբերվում է նրանով, որ երկու կողմն էլ էլեկտրաէներգիա է արտադրում: Էս պահի դրությամբ մենք դրեցինք, որպեսզի Լեռնավանում փողոցային լուսավորության ծախսերը հոգար, բայց մեր հեռակա նպատակն էն է, որ դա ծառայելու է պոմպակայանին:

Ամեն ինչ արել են, որ ջրամատակարարումն ապահովեն խնայող սարքավորումներով, կանաչ տնտեսության պահանջներով: Ջրաչափերը ևս պատվիրել են այդ պահանջներին համապատասխան:

Վիկտոր Մկրտչյան (շինարարական կազմակերպության ներկայացուցիչ) - Ջրամբարը նորագույն տեխնոլոգիաներով պիտի կառուցենք գեոմեմբրանային, գրեթե զրոյացված կորուստ կունենա: Լինելու են էլեկտրոնային ջրաչափեր, փականներ: Էդ մարդը, որը հսկելու է ջուրը, ենթադրենք՝ որևէ թաղամասում եղել է վթար, ինքը իր հեռախոսից կարա անջատի տվյալ գծի ջրամատակարարումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում