ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս նորարարական ծրագրերի իրագործման նախապայմանների ապահովմանը. Մաթևոսյան

Կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս նորարարական ծրագրերի իրագործման նախապայմանների ապահովմանը. Մաթևոսյան

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն անցկացվում է ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից։

Գլոբալ ինովացիոն ֆորումը, որն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, հիմնադրամի ամենամյա միջոցառումն է, որի առանցքում արհեստական բանականության կիրառություններն ու դրանց՝ մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցություններն են։

Համաժողովը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի և գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչներին՝ ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու և հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակով։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս նորարարական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։

«Հայաստանի տնտեսության արդիականացումը՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների, նորարարության ու ստեղծարար կրթության խթանման վրա, մեր զարգացման օրակարգի հիմնասյունն է»,- նշել է փոխվարչապետը:

Համբարձում Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը՝ որպես համաշխարհային գործընթացների մասնակից, իր մարդկային կապիտալի միջոցով արդյունավետ կերպով օգտագործում է թվային դարաշրջանի տված հնարավորությունները։

«Մենք պետք է ձևավորենք համապարփակ ընկալում, թե որքանով է արհեստական բանականությունը վերափոխում համաշխարհային տնտեսական ենթակառուցվածքները, և մեր համառ աշխատանքը պետք է միտված լինի մարդկանց և մեքենաների միջև շարունակական համագործակցության ապահովմանը»,- ընդգծել է Մաթևոսյանը:

Միջոցառումը՝ որպես գիտությունն ու արդյունաբերությունը Կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների փորձառությունը միավորող հարթակ, լավ հնարավորություն է ուրվագծելու տեխնոլոգիական լուծումներ՝ գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում