Կա աշխարհաքաղաքական կոնտեքստ. Փաշինյանը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք նա աշխարհաքաղաքական կոնտեքստ տեսնո՞ւմ է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հիմքում:

«Այո՛, կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, որովհետև Ադրբեջանը բավական երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը. գնում է Արևմուտք, Արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսամետ պետություն և փորձում առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Իսկ Ռուսաստանի հետ հաղորդակցություններում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, որը Եվրամիության, ԱՄՆ-ի հետ ինտենսիվ հարաբերություններ ունի: Փորձ է անում Ռուսաստանում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել, պայմանական ասած, արևմտամետ քաղաքականության համար: Փորձ է անում նաև Ռուսաստանում ըմբռնում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար:

Չեմ բացառում, որ Արևմուտքում և Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս և իրենց մտածածին համահունչ են:

Հույս ունեմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ վերջին շրջանում Հայաստանն ինտենսիվացրել է շփումները և՛ Ռուսաստանի, և՛ արևմտյան երկրների հետ՝ բացատրելու, որ այդ խոսույթը որևէ կապ չունի իրականության հետ:

«Այն, որ Հայաստանը ռազմաքաղաքական շատ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, փաստ է: Այն, որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արևմտյան երկրների հետ, դա էլ է փաստ: Բայց այն համատեքստը, որ փորձում է  ներկայացնել Ադրբեջանը, բացարձակապես կապ չունի իրականության հետ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում