ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի ԱԽ և ՄԻԵԴ, շուտով դիմում կներկայացնի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

ՄՄուշեղ Իսախանյան

Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլիներ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը սահմանին՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարեց իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Ես կարծում եմ, որ նմանատիպ ելքը կլինի լավագույն լուծումը, չնայած որ այսօր բարդ է պատկերացնել դա, այսօրվա քաղաքական և գլոբալ քաղաքական իրողությունների համատեքստում, բայց, այնուամենայնիվ, այո՛, դա կլինի լավագույն հանգուցալուծումը, քանի որ պետք է նմանատիպ նոր և բազմազգ ներկայություն, որպեսզի հնարավոր լինի կայունացնել իրավիճակը:

Ուժի կիրառում, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում՝ սա միջազգային իրավունքի տեսանկյունից ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթների կոպտագույն խախտում է՝ արձանագրում է Կիրակոսյանը: Եվ այս իրավիճակն է 2021-ի մայիսից, երբ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք:

Եղիշե Կիրակոսյան - Նմանատիպ խախտումը առաջացնում է ՀՀ բնական իրավունքը կամ անքակտելի իրավունքը կիրառելու նաև զինված ուժ, ի պատասխան այդ խախտման՝ ինքնապաշտպանության նպատակով: Այդ իսկ պատճառով ՀՀ-ն արդեն իսկ ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա:

Ծանուցումը կարևոր գործոն է, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օժտված է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությամբ: Եվ քանի որ Ֆրանսիան արդեն նախաձեռնել է Անվտանգության խորհրդի նիստի գումարում, հույս կա, որ Խորհուրդը ի զորու կլինի միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար՝ ասում է Կիրակոսյանը: Զուգահեռ՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ:

Եղիշե Կիրակոսյան - Նաև ՀԱՊԿ-ին ենք դիմել, որը, ցավոք սրտի, ցույց տվեց մի քանի անգամ առնվազն, որ որևէ գործուն աշխատելու ունակ չէ:

Միջազգային իրավական հարցերով գրասենյակը դիմում է ներկայացրել նաև ՄԻԵԴ, երկրորդն էլ պատրաստում են:

Եղիշե Կիրակոսյան - Գրասենյակի ուժերով մենք կարողացել ենք, նախ տեղեկացրել ենք, որ, ցավոք սրտի, ունենք 1 գերեվարված անձ, տեսանյութերով տեսել ենք վիրավորված մեր հայրենակցին, և որի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մենք ներկայացրել ենք արդեն դիմում Եվրոպական դատարան՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, պահանջելով ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը, մինչև նրա հայրենադարձվելը:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով ևս մեկ դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան, որը վերաբերում է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը:

Ադրբեջանական կողմը անում է հնարավորը՝ իրողությունը խեղաթյուրելու, իր տեսակետը ներկայացնելու և պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու համար, ինչը բարդացնում է պայքարը՝ ասում է Կիրակոսյանը, բայց դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի տարբեր հարթակներում: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը շուտով նամակ կուղարկի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Եղիշե Կիրակոսյան - Դեկտեմբերի 7-ին կայացվեց հայտնի որոշումը՝ Արդարադատության միջազգային դատարանի, որով գնահատականներ տվեցին իրավիճակին: Կարծում ենք, որ այս անգամ ևս Ադրբեջանը, ի հավելումն բազմաթիվ անգամների, կոպիտ կերպով ոտնահարել է այդ որոշման մեջ ներառված բոլոր պայմանները, այսինքն՝ 2021-ի դեկտեմբերի 7-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշման, կարելի է ասել՝ ամբողջական և առհասարակ ոտնահարում է տեղի ունեցել: Էդ մասին փաստարկված կներկայացնենք դատարանին և կքննարկենք նաև այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կլինեն իրադրությունից բխող:

Հաագայի դատարանը օգոստոսին Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի երրորդ միջպետական գանգատն է ստացել, որում ներառվել են Խրամորթի և Քարագլխի դեպքերը, գազանջատումներն ու 2022 թվականի հուլիս-օգոստոսի Աղավնոյի դեպքերը՝ եռակողմ հայտարարության դրույթների և միջազգային բոլոր նորմերի խախտմամբ անձանց բռնի տեղահանման վերաբերյալ: Երրորդ գանգատի հարցում դեռ զարգացում չկա, բայց էական շարժ կա առաջին գանգատի վերաբերյալ:

Եղիշե Կիրակոսյան - Ժամկետներ կան, առարկությունների փուլ մտել է, և մենք ստացել էինք ՀՀ ներկայացրած առաջին գանգատի վերաբերյալ Ադրբեջանի առարկությունները, որոնց պատասխանը մենք պետք է ներկայացնեինք սեպտեմբերի 8-ին: Դա դատարանի նշած ժամկետն էր, մենք պատրաստ էինք, բայց ադրբեջանական կողմը դիմել էր դատարանին՝ ժամկետը երկարաձգելու հարցով, և քանի որ իրենք երկարաձգեցին, դատարանը կիրառում է հավասարություն, երկարացվել է մինչև նոյեմբերի սկիզբը, այնուամենայնիվ, կներկայացնենք մեր առարկությունները:

Այս ամենին կհետևեն հրապարակային լսումները, որը հավանաբար տեղի կունենա արդեն 2023 թվականին: Եղիշե Կիրակոսյանը անդրադարձել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և պաշտոնյաների արձագանքներին, նշել՝ գնահատականները շատ դեպքերում կարող էին ավելի հասցեական լինել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում