Շրջանառության մեջ դրվեց «Սթարմուս» միջազգային փառատոնի նամականիշը՝ առաջինը 11 տարվա ընթացքում

ԼԼիլիթ Ասատրյան

Շրջանառության մեջ դրվեց «Սթարմուս» միջազգային փառատոնի նամականիշը: Երևանում ընթացող գիտական միջոցառումը վերջին մեկ շաբաթում դարձել է Հայաստանի հանրային կյանքի կարևոր բաղադրիչը՝ նշում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Շատ ուրախ ենք, որ «Սթարմուսը» Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից դարձավ վերջին շաբաթվա ընթացքում, և ես կարծում եմ, որ մենք դեռ շատ երկար ժամանակ «Սթարմուսի» բերած արդյունքները կզգանք:

Թեև աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել մասնակցել փառատոնի բոլոր միջոցառումներին ու դասախոսություններին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները տպավորված են «Սթարմուսի» արձանագրած հաջողություններով:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Սա նոր խոսք էր մեր ինչպես մշակութային, այնպես էլ գիտական կյանքում: Լիովին նոր ճաշակ էր, լիովին նոր մոտեցում, ինչը միավորեց, մի ամբողջականություն դարձրեց ինչպես գիտությունը, այնպես էլ՝ մշակույթը, երկուսն էլ անվերջանալի տիեզերական սահմաններ և կարևորություն ունեցող ուղղություններ են:

Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ ԲՏԱ նախարար) - Փառատոնը հնարավորություն տվեց բոլորիս օրեր շարունակ մասնակից դառնալու գիտությանը և արվեստին նվիրված բազմաբովանդակ միջոցառումների, իսկ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի գիտական և մշակութային ժառանգությանը:

Փառատոնի տարբերանշանն ու Մարս մոլորակը պատկերող նամականիշն առաջինն է «Սթարմուսի» 11-ամյա պատմության մեջ:

Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի հիմնադիր տնօրեն) - Մենք մի քանի անգամ ճանաչվել ենք աշխարհի լավագույն գիտական փառատոն, բայց նամականիշը շատ կարևոր բան է: Ես չէի սպասում, որ մենք «Սթարմուսի» նամականիշ կունենանք Հայաստանում:

Արայիկ Աբրահամյան («Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար) - Նամականիշներ թողարկվում են հիրավի կարևորագույն միջոցառումների առիթով: Այս միջոցառումը կարևորագույն նշանակություն ունի ինչպես մեր հանրային կյանքի համար, այնպես էլ «Հայփոստի» համար:

«Սթարմուսին» նվիրված նամականիշի մարումը տոն է ֆիլատելիստների համար՝ ասում է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահը: Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ նամականիշ հավաքողների համար կարևորագույն թեմա է տիեզերքը:

Հովիկ Մուսայելյան (ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ) - Վստահ եմ, որ այս նամականիշների նաև շուկայական գինն է շատ բարձր լինելու, փորձելու են «Ամազոնով», «Իբեյ»-ով ձեռք բերեն շատերը:

«Սթարմուս VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմայով գեղաթերթիկի անվանական արժեքը 500 դրամ է: Այն տպագրվել է 10 հազար օրինակով:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում