ԳԳոհար Սարգսյան

Նախագծով անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք կազատվեն լրացուցիչ ծախսերից

Նախագծով անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք կազատվեն լրացուցիչ ծախսերից

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելու նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Ալխաս Ղազարյանը փոփոխություն են առաջարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախկինում փոփոխությունն ընդունվել է՝ նպատակ ունենալով բարելավելու և պարզեցնելու հարկային վարչարարությունը, ինչպես նաև բացառելու գործարարությամբ զբաղվող անձանց՝ անհատների անվան ներքո գործունեություն ծավալելու դեպքերը: Սակայն, ըստ պատգամավորի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի գործընկերների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ-ի առկա գործիքակազմը բավարար է՝ իրականացնելու վերոնշյալ վարչարարությունը:

«Այն քաղաքացիները, որոնք իրապես բիզնես գործունեությամբ չեն զբաղվում և բնակարան են կառուցել իրենց համար ու, այնպես է ստացվել, որ ստիպված են դա վաճառել երկու տարվա ընթացքում, հարկեր չեն վճարի»,- ընդգծել է Գևորգ Պապոյանը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: «Մեր նպատակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով բնութագրվող անհատական բնակելի տների վաճառքի գործարքների հարկումն է»,- նշել է փոխնախարարը: Գործադիրը ներկայացրել է չորս առաջարկ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները և մտահոգությունները: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագծի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում