Որոշ մասնագիտությունների դեպքում ծառայությունից տարկետման հնարավորություն. ԱԺ-ն քննարկել է նախագիծը

ԱԱնուշ Մուրադյան

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են խստացնել զենք ունենալու մասին գործող կարգը: Ըստ նոր նախագծի՝ առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերել ցանկացողը պարտավոր է նախ տիրապետել դրա հետ վարման կանոններին, անցնել պարապմունք Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական կազմակերպություններում, ստանալ հավաստագիր և նոր միայն դիմել ոստիկանություն՝ այն օրինական գրանցելու համար:

Համահեղինակ Գաբրիելյանը վստահ է՝ սա ուղղված է դաշտը կանոնակարգելուն, զենքի նկատմամբ պատասխանատվության ձևավորմանը:

Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ- Ներկայիս օրենքով` 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին կարող է դառնալ Որսորդմիության անդամ, համապատասխան բուժզննման մասին երկու թուղթ բերել, հայերեն ասած՝ «նարկո-պսիխո»-ն, դիմել ոստիկանություն և ստանալ թույլտվություն: Առաջարկվող նախագծով 18 տարեկանը մնում է, բայց քննական կարգով է դառնում և բուժզննումով, և 21 տարեկանից սկսած` կարող է նաև ակոսափող ձեռք բերել:

Նախագծին նախորդած քննարկումները, թե զենք կրելն ազատականացվում է, ատրճանակն էլ դառնալու է հասանելի, իրականությանը չեն համապատասխանում՝ շեշտեց համահեղինակը: Նշեց՝ ատրճանակ ունենալու իրավունք տրվելու է միայն ուժային կառույցներում 20 տարի ծառայած միջին ու բարձր դասի սպայակազմին:

Այն, որ ոլորտը կարգավորման կարիք ունի, ըստ պատգամավորի, ցույց տվեց նաև 2020-ի պատերազմին հաջորդած ժամանակը: 44-օրյայից հետո կրկնապատկվել է զենքի թույլտվություն ստանալու համար ոստիկանություն դիմած անձանց թիվը:

Համահեղինակներից Արմեն Խաչատրյանն էլ է վստահ՝ գործող կարգավորումը չի արտացոլում ներկա իրավիճակը:

Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ- Մենք խնդիր ունեինք պատերազմից հետո, երբ որ մեզ ազգաբնակչությունը իրական հարց էր բարձրացնում, հատկապես սահմանամերձ բնակիչները, որոնք հիանալի տիրապետում են զենքին և այլնին, բայց ասում էին` ինչու մենք պետք է պարտադիր 5 տարի որսորդ լինենք, հետո ունենանք ակոսափող և այլն, և այստեղից ծնվեց նաև այս օրենքում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Խաչատրյանի բնորոշմամբ՝ ակոսափող հրացան ունենալուց առաջ 5 տարի պարտադիր որսորդմիության անդամ լինելու պահանջը ձևական էր, այն հանվել է: Բայց փաթեթով սահմանվել է՝ զենք ունեցողը 5 տարին մեկ պարտադիր բուժզննություն պետք է անցնի, վստահեցնի, որ զենք ունենալուն խոչընդոտող հիվանդություններ ու ֆիզիկական թերություններ չունի: Տվյալները կվերահսկի ոստիկանությունը:

Պաշտպանության հարցերի հաձնաժողովի նախագահն էլ շեշտեց՝ նախագիծը կարևոր է նաև անվտանգային միջավայրի ձևավորման համար:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ- Էս օրենքը հանում ենք, որպեսզի մեր ժողովուրդն ի վիճակի լինի նաև պաշտպանության հարցեր լուծելու: Այդպիսի փորձ ունեն աշխարհի շատ երկրներ` անկախ նրանից, որ էդ զենքերը մեկ-մեկ կրակում են, բայց կրակում են ապօրինի զենքերով, իսկ հիմա խոսքը զենքերի օրինականացման, դաշտը վերահսկելի դարձնելու մասին է: Մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ: Ստանդարտները պետք է ատամներով ձևավորենք, որովհետև եթե ստանդարտները բացակայում են, դրանք վերածվում են «սուրմալու»-ների:

Փաթեթով կարգավորվելու է նաև որպես պարգև հանձնված զենքերի օգտագործումը: Դրանց սեփականատերերն էլ կանցնեն հավաստագրման կարգով՝ նշեց համահեղինակը: Նախագիծը ստացավ գլխադասային հանձնաժողովի հավանությունն ու ընդգրկվեց աշնանային նստաշրջանի առաջին լիագումարի օրակարգում: Եթե փոփոխություններն ընդունվեն, նոր կարգը կգործի 2023-ի հունվարի 1-ից:

Հանձնաժողովն այսօր հավանություն տվեց նաև Կառավարության կրթական նախաձեռնությանը: Բացի այսօր գործող կարգավորումներից, ըստ նախարար Դումանյանի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար նպատակային մասնագիտություններով սովորող ուսանողները:

Բուհերը, տեղերն ու կարգը կսահմանի գործադիրը՝ ապահովելով կրթության շարունակականությունը: Ոլորտի ղեկավարը նկատում է` դրա դիմաց, սակայն, կենթադրվի փոխադարձ պարտավորություն, որը ևս կսահմանվի հետագայում:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար- Պետությունն ակնկալում է որպես մասնագետ աշխատանք, ծառայություն երկրին, քո մասնագիտական դաշտում, ինֆորմատիկ ես, ՊՆ է պետք, գնա ՊՆ, Կառավարությանն է պետք, գնա, արա, էսօր Կառավարություն կարո՞ղ ենք բարձրակարգ ՏՏ մասնագետ բերել. չենք կարող:

Նախագծով կփոփոխվի նաև տարկետում ստանալու տարիքային շեմը՝ 27-ից դառնալով 28: Գիտությամբ զբաղվել ցանկացող տղաներն այս կերպ կհասցնեն պաշտպանել թեկնածուականը, ստանալ գիտական աստիճան, ինչը չէին հասցնում դպրոցի 12-ամյա դառնալուց հետո: Դումանյանը վստահ է՝ սա չի կարող դառնալ հնարավորություն բանակից խուսափողների համար: Պատգամավորների մտահոգությունները նախարարը փարատեց, շեշտեց՝ Կառավարությունը մանրամասն պլանավորել է գործընթացը` հաշվի առնելով կրթական ու անվտանգային խնդիրների փոխկապակցված լինելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում