Ներդրում ապագայում. 15 ուսանող հնարավորություն է ստացել մասնակցելու Quanta մագիստրոսական ծրագրին

ԱԱրսեն Մկրտչյան

Օրվա խնդիրները լուծելուն զուգահեռ՝ ներդրում անել նաև ապագայում՝ «Իմ քայլը» հիմնադրամի Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը այս նպատակն ունի:

Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - 
Մեզ համար կարևոր է, որ առաջիկա 5-7 տարիների ընթացքում Հայաստանում լինեն մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն քվանտային նոր տեխնոլոգիաների մուտքին Հայաստանում, և սկսած բանկային համակարգից մինչև ռազմարդյունաբերություն՝ մենք կկարողանանք նոր, մրցունակ կադրեր ապահովել:

Ծրագրի դասերը կսկսվեն հոկտեմբերից: Այն կտևի 1.5 տարի: Մասնակցելու հնարավորություն կունենա մրցութային փուլը հաղթահարած 15 ուսանող: Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ Ռեբեկա Գևորգյանի համար Quanta-ն կլինի երկրորդ մագիստրատուրան:

Ռեբեկա Գևորգյան (Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի ուսանող) - Ծրագիրն առաջին հերթին ինձ հետաքրքրեց նրանով, որ մեզ դասավանդելու են ինչպես առաջատար հայազգի գիտնականներ, այնպես էլ արտերկրից հրավիրված, լավագույն համալսարաններից հայազգի գիտնականներ: Այսինքն՝ ուսումնառությունը կարիք չի լինի հետագայում մեկնել Եվրոպա կամ այլ առաջնակարգ բուհերում շարունակելու:

Մագիստրոսական ծրագրին նախորդել են ամառային դպրոցն ու մասնագիտական խորհրդատվությունները: Կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ստացած ուսանողները ոչ միայն հարստացրել են գիտելիքների պաշարը, այլև համոզվել կատարած ընտրության ճիշտ լինելու հարցում:

Արզուն Գևորգյան (Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի ուսանող) - Գիտությունը միշտ զարգանում է մի քանի այլընտրանքային ուղղություններով: Քվանտային տեխնոլոգիաները համակարգիչներում նմանատիպ հեղափոխական հեռանկար ունեցող ուղղություններից մեկն են: Եթե մենք ուզում ենք ավելի մեծ դեր և ավելի լավ դիրքեր ունենալ աշխարհում, դեռ երեկ պետք է արդեն սկսեինք մտածել ապագայի տեխնոլոգիաների մասին: Նմանատիպ նախաձեռնությունները լավ հնարավորություն են այդ մեկնարկը տալու համար:

Կրթությունը կիրականացվի դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Դասախոսությունները կկարդան աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայ և օտարերկրացի մասնագետները:

Մխիթար Հայրապետյան - Դասախոսները ևս բավականաչափ մոտիվացված են, որովհետև սա իր տեսակի մեջ բացառիկ ծրագիր է, բացառիկ հնարավորություն է նաև Հայաստանի գիտական կամ գիտակրթական կյանքում, և նրանք մարդիկ են, որոնք իրապես ուզում են ինչ-որ առումով նաև իրենց ավանդն ունենալ գիտակրթական կյանքի կազմակերպմանը և իրենց գիտելիքները, փորձը փոխանցել հայաստանյան նոր սերնդին:

Մագիստրոսական ծրագրի ուսանողների վարձավճարն ամբողջությամբ կփոխհատուցի «Իմ քայլը» հիմնադրամը՝ կրթաթոշակի տեսքով։ Ծրագրի կազմակերպիչները վստահեցնում են՝ այն շարունակական կլինի, ընդունելություն կունենան նաև հաջորդ տարի:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում