Տոմատինան վերադարձել է. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԹՈՒՆԻՍ

ԹՈՒՆԻՍՑԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԱՍԵՐԸ ՏՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ Է ԱՊԱՍՏԱՆԻ

Թունիսցի անասնաբույժ Ռաուդհա Մանսուրը թափառող կենդանիներին մահվան ճիրաններից փրկելու համար Թունիսի հյուսիսարևելյան Նաբեուլ նահանգում գտնվող իր տունը վերածել է կենդանիների ապաստարանի:

Խնամելով 150 կատվի և 25 շան՝ Մանսուրը, որը դեռ երիտասարդ տարիքից կենդանիների շատ է սիրում, ասում է, որ թափառող կենդանիները վատ վերաբերմունքի են արժանանում թե՛ քաղաքացիների, թե՛ կառավարության կողմից: Նա պատմում է նույնիսկ կենդանիների սպանությունների դեպքերի մասին:

Ռաուդհա Մանսուր (Թունիսցի անասնաբույժ) - Կենդանիներին սպանում են, մինչդեռ նրանք հոգի ունեն և իրավունք ունեն ապրելու մեզ հետ: Մեզ մոտ երբեմն արյունոտված շների են բերում, իսկ ո՞ւր է կարեկցանքը, ո՞ւր են կարեկից սրտերը:  Մեզ շատ կացարաններ են պետք, քանի որ փողոցներում շատ կենդանիներ կան, և նրանք տառապում են: Ինչ-որ մեկը պետք է հոգ տանի նրանց համար: Պետությունը պետք է  ապաստարաններ բացի։ Շատերն են ինձ հարցնում, թե ինչպես եմ դիմանում դժվար դեպքեր տեսնելուն, բայց ես ասում եմ՝ շատ բախտավոր եմ, որ կարող եմ բուժել և օգնել նրանց:

Մանսուրն անձամբ է մեծապես աջակցում 2007 թվականին հիմնադրված Կենդանիների ապաստարանին: Նրա օրինակին են հետևում կենդանիների բարեկեցության ասոցիացիաները, որոնք նվիրաբերում են սնունդ և դեղորայք:

Մանսուրի ընկերները նաև ստեղծել են մի կազմակերպություն, որը կոչվում է «Բժիշկ Մանսուրի աջակցության ասոցիացիա»՝ ապաստանի համար դրամահավաքի նպատակով, որպեսզի նա կարողանա շարունակել իր աշխատանքը և կենդանիներին հեռու պահել փողոցներից:

ԿՈԼՈՒՄԲԻԱ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԵՐԳԻ ՌԵԿՈՐԴ ԲՈԳՈՏԱՅՈՒՄ

Բոգոտան սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ երբևէ կազմակերպած ամենամեծ համերգի համար: Այն նվիրված էր երկրի զինված հակամարտության ճշմարտացի լինելուն:

Մոտ 16 000 երաժիշտներ, երգիչներ և մանկական երգչախմբեր, որոնց միավորել է Բոգոտայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, կատարել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և Latinoamerica ստեղծագործությունը:

Կառլոս Ագրեդա (համերգի դիրիժոր, Բոգոտայի ֆիլհարմոնիկի նախագահի օգնական) - Ես շատ ուրախ եմ, քանի որ կարողացա տեսնել, թե ինչպես է աճում Բոգոտայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգին մասնակցած երեխաների ծնողներն իսկապես հավատում են այն առաջընթացին, որը կարելի է ձեռք բերել նվագախմբի միջոցով, օրինակ, թե ինչպես մենք կարող ենք այսուհետ հասարակություն կառուցել, և որքան երեխաներ կարող են բարելավել իրենց վարքագիծը, ուրիշների հետ շփվելու և վարվեցողության կանոնները:

Աշխարհի ամենամեծ համերգի ռեկորդը գերազանցելու միջոցառումը տեղի է ունեցել Բոգոտայի Սիմոն Բոլիվարի Մետրոպոլիտեն այգում:

ԱՄՆ

ԴԴՄԻ ՄԵՋ ԼՈՂԱԼՈՎ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Տղամարդը ռեկորդ է սահմանել Միսսուրի գետով հսկա փորված դդումով լողալու համար:

Սոցցանցերում ներբեռնված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը թիավարում Միսսուրի գետով հսկա փորված դդմի մեջ նստած՝ գերազանցելով դդումով ավելի քան 41 կմ վարելու Գինեսի ռեկորդը:

Նեբրասկայի բնակիչ Դուան Հանսենն աճեցրել էր 384 կգ կշռող դդումն իր այգում և ռեկորդ սահմանել՝ դդմի մեջ նստած թիավարելով անցնելով 61 կմ ջրային ճանապարհ:  

Դուանը, որը վերջերս նշել է իր 60-ամյակը, ճանապարհորդությունն սկսել է առավոտյան 7.30-ին և տեղ հասել 18.30-ին։

ԻՍՊԱՆԻԱ

ՏՈՄԱՏԻՆԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկամյա ընդմիջումից հետո Իսպանիայում վերսկսվել է լոլիկներով կռվի «Տոմատինա» փառատոնը: Այս տարի այն անցկացվել է արևելյան Բունոլ քաղաքում:

Հազարավոր մարդիկ են մասնակցել փառատոնին ու մի լավ զվարճացել: Նրանք իրար վրա են նետել ավելի քան 130 տոննա լավ հասած լոլիկ:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ լոլիկներով կռվին մասնակցել է մոտ 15 հազար մարդ: Մարտերի վերջում Բունոլի գլխավոր փողոցներում լոլիկի մածուկի գետեր են գոյացել:

Իսպանիայում Տոմատինան անցկացվել է 75-րդ անգամ: Լոլիկներով բեռնված բեռնատար մեքենաները հերթով անցել են գլխավոր փողոցներով:

Մարդիկ առանց միմյանց հերթ տալու, ինքնամոռաց հարվածել են իրար անուշահամ լոլիկներով: Արտասահմանցի զբոսաշրջիկները նույնպես մեծ ոգևորությամբ են մասնակցում Տոմատինային:

Աքսքշա (զբոսաշրջիկ՝ Հնդկաստանից) - Սա, ինչ խոսք, դժոխային փորձություն էր, սակայն բոլորին խորհուրդ կտամ կյանքում գոնե մեկ անգամ գալ այստեղ:

Ասում են, որ Տոմատինան առաջին անգամ անցկացվել է 1945 թվականին, գյուղացիների ինքնաբուխ բախումից: Տոմատինան որոշ ժամանակով արգելվել է 1950-ական թվականներին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության գագաթնակետի ժամանակ, սակայն 1980-ականներից վերսկսվել է:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ՆԿԱՐԻՉԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻՆ

Բրիտանացի նկարիչ Նաթան Ուայբերնը հարգանքի տուրք Է մատուցել Ուելսի արքայադուստր Դիանային՝ նրա մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ:

Քարդիֆում բնակվող նկարիչը սոցցանցերում հաճախ է տեղադրում տեսանյութեր այն մասին, թե ինչպես է կյանքի կոչում իր հերթական ստեղծագործությունը: Նաթանն սկսել է արքայադստեր դիմանկարով և նկարի վրա տեղադրել մոմեր, որոնք այնուհետև խնամքով վառել է, իսկ վայրկյաններ անց՝ փչել:

Հարգանքի տուրքը վերաբերում է Էլթոն Ջոնի Candle in the Wind երգին, որը աստղը կատարել է արքայադստեր հուղարկավորության ժամանակ:

Ուայբերնն ի սկզբանե այս ստեղծագործությունը պատրաստել է Դիանայի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ՝ 2021 թվականին։

ԲՐԱԶԻԼԻԱ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾ ՓԱՌԱՏՈՆ ՌԻՈՅՈՒՄ

Ամբողջ Լատինական Ամերիկայի երաժշտասերները հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյում՝ մասնակցելու խորհրդանշական Rock in Rio երաժշտական փառատոնի բացման արարողությանը:

Այս տարվա փառատոնի մասնակիցների թվում են Այրոն Մեյդնը, Ջասթին Բիբերը, Դուա Լիպան, Քոլդփլեյը, Ժիլբերտու Ժիլը և այլք: Ռիոյում ռոքի փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը:

Rock in Rio-ն հիմնադրվել է 1985 թվականին և անցկացվել է ոչ միայն Ռիոյում, այլև Լիսաբոնում ու Մադրիդում:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԴԱՄԱՆԴՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌՎԵԼ 21 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Վարդագույն ադամանդը, որը համարվում է աշխարհի ամենամաքուր և վառ գույնի ադամանդներից մեկը, հոկտեմբերին Հոնկոնգի Սոթբիում կայանալիք աճուրդի ժամանակ կարող է վաճառվել մինչև 21 միլիոն դոլարով:

11.15 կարատանոց, բարձի տեսքով գոհարը կոչվում է «Ուիլյամսոնի վարդագույն աստղ»՝ երկու այլ վարդագույն ադամանդների պատվին:

Դրանցից մեկը CTF Pink Star-ն է, որը 2017-ին աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 71.2 միլիոն դոլարով, մյուսը «Ուիլյամսոնի» 23.60 կարատանոց քարն է, որը կանադացի երկրաբան Ջոն Ուիլյամսոնը նվիրել էր Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհուն: Մեծ Բրիտանիայի միապետուհին այն կրել է Cartier բրոշի մեջ: Այդ ադամանդը հայտնաբերվել է Ուիլյամսոնի՝ Տանզանիայի Մվադուի քաղաքում գտնվող հանքում: Այնտեղից է արդյունահանվել նաև «Ուիլյամսոնի վարդագույն աստղը»։

Քրիստիան Սփոֆորթ (Սոթբի աճուրդի տան աշխատակից) - Բնության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել վարդագույն ադամանդների: Բացի դրանից՝ այս ադամանդն իսկապես անթերի մաքուր է, ավելի քան 10 կարատանոց է: Այն բացառիկ է: Իսկ բացառիկ գանձերի հանդեպ պահանջարկը միշտ էլ մեծ է եղել:

Մինչև հոկտեմբերի 5-ը, այսինքն՝ այն օրը, երբ պետք է տեղի ունենա աճուրդը, վարդագույն ադամանդը կցուցադրվի նաև Դուբայում, Սինգապուրում և Թայբեյում, ինչից հետո կտեղափոխվի Հոնկոնգ:

ԻՍՊԱՆԻԱ

ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԵՎԻՑ

Իսպանական Վալվերդե դե լա Վերա գյուղի նեղլիկ փողոցներն ամառային արևից պատսպարող գունագեղ ծածկոցներն արհեստավորներն են պատրաստել՝ օգտագործելով գնումների համար նախատեսված պլաստիկ տոպրակներ և գովազդային վահանակներից մնացած նյութեր:

Հիմնականում պատկառելի տարիքում գտնվող մի խումբ ջուլհակներ որոշել են այս նախաձեռնությամբ ոչ միայն պաշտպանել իրենց գյուղի շրջակա միջավայրն աղտոտումից, այլ նաև բազմերանգ հովանոց-ծածկոցներով գրավել հնարավորինս շատ զբոսաշրջիկների:

Ծածկոցները պատրաստում են հիմնականում ձմռան ընթացքում, իսկ ամռանն արդեն դրանք կախում մի շենքից մյուսը՝ փողոցով անցնող մարդկանց համար մի թեթև ստվեր ապահովելու նպատակով:

Ճարտարապետ-դիզայներ Մարինա Ֆերնանդեսը, որը նախաձեռնության կազմակերպիչն է, վստահեցրել է, որ այս քայլով նպաստում են արհեստագործական ավանդույթների պահպանմանը և օգնում են տարեցներին մասնակցել հանրային աշխատանքին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում