Առաջնային է սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը. վարչապետը՝ փրկարարներին

ՀՀովհաննես Վարդանյան

Արտակարգ իրավիճակների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը: Նրանց շնորհավորել են վարչապետն ու նախագահը: Նիկոլ Փաշինյանը փրկարարներին կարևորագույն աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել, նշել՝ կատարված աշխատանքն անգնահատելի է: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ սա նման կառուցվածքով վերջին հանդիպումն է, առաջիկայում ձևավորվելու է ներքին գործերի նախարարությունը, որի կազմում կներառվի նաև ԱԻՆ-ից կառույցներ:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա, և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա: Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք, մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ, և այդ աշխատավարձը հինգ, վեց, յոթ տարի անց, երբեմն՝ ավելի արագ, չի համապատասխանում մեր սահմանած նախնական չափորոշչին:

Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ՝ ընդգծել է վարչապետն ու նաև շեշտել՝ առաջնային է սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան:

Նիկոլ Փաշինյան - 2018 թ.-ից հետո փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է՝ փրկարար ծառայողները ժամանակի ընթացքում նոր ձեռքբերումների արդյունքում ավելի հմտանալով, հզորանալով այսօր էլ պատրաստ են մեր երկրի, քաղաքացիների ապրելու, աշխատելու համար անվտանգ միջավայր ապահովելու:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ժամանակակից պայմաններում փոխվել են նաև ձեր աշխատանքի նկատմամբ պահանջները, որը նշանակում է անընդհատ կատարելագործում, մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, տեխնիկական նոր զինվածություն: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները, հետևողական քայլեր կիրականացնի նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ անբասիր աշխատանքի և անձնվիրության համար մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի վարչապետի հուշամեդալով: Պետական պարգևներ է հանձնել նաև նախագահը:

Տոնական օրվա միջոցառումների ավարտին վարչապետը և նախագահը հետևել են ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում