ՀՀայկարամ Նահապետյան

Լոռու մարզում հացահատիկի բերքահավաքը բուռն ընթացքի մեջ է

Լոռու մարզում հացահատիկի բերքահավաքը բուռն ընթացքի մեջ է

Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներում բուռն թափով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Մարզում հացահատիկի բերքի 90 տոկոսն արդեն հավաքվել է: Նախնական տվյալներով՝ 1 հա միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա։ Թեև վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն, և նախնական ցուցանիշները փոքր-ինչ զիջում են նախորդ տարվա արդյունքներին, սակայն հացահատիկի բերքատվությունն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է։

 

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանն այսօր աշխատանքային օրն անցկացրել է Տաշիր խոշորացված համայնքում՝ հետևելով բերքահավաքի ընթացքին։ Օգտվելով առիթից՝ մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն համայնքի տնտեսվարողներին է ներկայացրել աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված՝ 2022 թ․ պետական աջակցության ծրագիրը։

 

Ըստ ծրագրի՝ 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես՝ սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120 000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 000 դրամ։
 
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողը, ընդ որում՝ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
 
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում, եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը:
 
Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը պետք է դիմեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին: 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում