«Սթարմուսում» դասախոսությունները, համերգները կլինեն չկրկնվող՝ միայն մեկ անգամ
Երաժշտական գործիք պատրաստելը ու անգամ երաժշտությունը գիտություն է, դա է պատճառը, որ Սթարմուս փառատոնները առանձնանում են նաև իրենց բացառիկ համերգային ծրագրերով՝ այսպես է գիտական ամենասպաված միջոցառման համերգային հատվածը բնութագրում փառատոնի համահիմնադիրը՝ Գարիկ Իսրայելյանը:
Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս) - Փառատոնը մեկնարկելու է Տիգրան Համասյանի հատուկ համերգով, իսկ Տիգրանի համերգը բացելու են Դերեկ Շերինյանն ու Սայմոն Ֆիլիպսը: Հաջորդ օրը կկայանա Սթիվեն Հոքինգի հիշատակի արարողություն, հետո Սոնիք յունիվերսի համերգը, այդ թվում՝ Սերժ Թանկյանի մասնակցությամբ: Շատ հետաքրքիր համերգ է սպասվում, մենք մեկտեղել ենք տարբեր երաժշտություններ, ես միշտ ասում եմ ՝ փորձում ենք եփել խառը կերակուր, ինչպես իսպանական պայելան՝ տարատեսակ բաղադրիչներով՝ աղ, պղպեղ, խոտաբույսեր: Այս համերգն էլ կարելի է անվանել սթարմուսյան պայելա:
Եվս մեկ բացառիկ համերգ էլ Բրայեն Մեյի մասնակցությամբ կլինի՝ տեղեկացնում է Իսրայելյանը: Հորդորում բոլորին՝ մասնակցել Սթարմուսին, բայց չանել դա միայն համերգներին ներկա գտնվելու համար, Սթարմուսը նաև բացառիկ դասախոսություններ է խոստանում: Հենց լեգենդար երաժիշտներն են խոստովանում՝ իրենք գիտությունը խթանելու համար են մասնակցում:
Սերժ Թանկյան (Երաժիշտ) - Գարիկն ասաց, որ ուզում է Սթարմուսը Հայաստան բերել, ես ասացի ֆանտաստիկ միտք է: Հետո նա զանգեց և ասաց՝ քանի որ քաջալերեցիր ինձ, պետք է գաս: Այն, ինչ փորձել ենք ապահովել այս փառատոնի շրջանակում, պարզապես հրաշալի է՝ աստղաֆիզիկա, տարբեր գիտական բացահայտումներ ու հայտնագործություններ, միասին կարողացել էինք պատվել հայ գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանին՝ աշխարհում առաջին լուսնագնացներ և մարսագնացների ստեղծողին՝ նրա համար հատուկ կատարում կա, ես եմ պատրաստել:
Ռիք Վայքման (Երաժիշտ, կոմպոզիտոր) - Ես հրապուրված եմ գիտությամբ և կարծում եմ, որ կարևորագույն բաներից մեկը, որ Միացյալ Թագավորություն սխալ է եղել, դպրոցում արվեստը գիտությունից տարանջատելն է, բայց դրանք անհավատալիորեն փոխկապակցված երևույթներ են: կարծում եմ, չափազանց կարևոր է Սթարմուսի դեպքում, որ այն կարողանում է համադրել այդ երկուսը: Ես հպարտ եմ, որ Սթարմուսի մաս եմ կազմում և կազմել եմ 10 տարի, օգնեք մեզ համատեղել գիտությունն ու արվեստը:
Այն, ինչ կլինի հայաստանյան Սթարմուսում՝ դասախոսությունները, համերգները, կլինի միայն մեկ անգամ, նախորդները և հաջորդները տարբեր են լինելու և՛ թեմաներով, և՛ հյուրերի կազմով, և՛ երգացանկով՝ հիշեցնում է Գարիկ Իսրայելյանը: Հայաստան ժամանած երաժիշտների շարքում են նաև Դերեք Շերինայնն ու Սայմոն Ֆիլիպսը:
Սայմոն Ֆիլիպս (Երաժիշտ) - Դերեքը և ես տարբեր ծրագրերում գործակցել ենք վերջին 22 տարում, 9 ալբոմ ենք գրել ու ոչ մի անգամ միասին ստեղծագործություն չենք կատարել, Գարիկի հրավերը հանդիսացավ կայծը, որը թույլ տվեց միավորել այս խումբը և մենք կարողացանք ստեղծել այս նոր երաժշտական համարը և շատ հաճելի կլինի այն ներկայացնել հայ լսարանին:
Սթարմուս փառատոնը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 5-ին, կտևի 5 օր: Իսկ համերգային երեկոները կմեկնարկեն սեպտեմբերի 4-ին:













