Հայաստանը քայլեր է ձեռնարկում Արգենտինայի և Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանը խորացնում է Արգենտինայի և Ուրուգվայի հետ հարաբերությունները: Եռամյա դադարից հետո հարավամերիկյան պետությունների հետ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացը կազմակերպվում է գործընկեր բոլոր երկրների հետ՝ պահպանելու երկխոսությունը, մատնանշելու գործակցության նոր ուղղություններ:

Պարույր Հովհաննիսյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Այցի նպատակն էր ամփոփել հարաբերությունների առկա մակարդակը, ճշգրտել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Լավ առիթ էր ընդգծելու համայնքի դերը, որը բացառիկ է այդ երկրներում: Աննախադեպ էր այցը հանդիպումների մակարդակի, քանակի, օրակարգի հագեցածության:

Փոխարտգործնախարարն արգենտինացի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Արգենտինան Հայաստանում ներդրումների ծավալով 5-րդն է, բայց, ըստ փոխնախարարի, դեռևս առևտրաշրջանառության ծավալն այնքան էլ տպավորիչ չէ, մեծ է չօգտագործված ներուժը: Արգենտինան աշխարհին հայտնի է իր զարգացած գյուղատնտեսությամբ: Փոխնախարարի խոսքով՝ միջազգային ու տարածաշրջանային բարդ իրավիճակում մեր երկիրն ունի գործընկերային հարաբերությունների կարիք, և քննարկել են դրանք զարգացնելու տարբեր հնարավորություններ՝ նաև թարմացնելու պայմանագրային դաշտը:

Պարույր Հովհաննիսյան - Արգենտինայի քաշը, ազդեցությունը հայտնի են այդ տարածաշրջանում, հիմնական գործընկերն է: Իհարկե զարգացնել համագործակցությունը այդ երկրի հետ ունի հատուկ նշանակություն՝ հաշվի առնելով իր դերը: Միաժամանակ, Արգենտինան Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, նույնպես կարևոր է մեր անվտանգության հարցերի կոնտեքստում:

Արգենտինան և Ուրուգվայն ունեն տեղեկատվական զարգացած օրակարգ. քննարկվել է տարածաշրջանում Թումո կենտրոն բացելու հնարավորությունը: Արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գործընկերոջը հայտնել է Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման մտադրության մասին՝ փոխադարձելով ուրուգվայական կողմի՝ 2021-ին կայացրած նման որոշմանը: Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսը կնշանակվի դեսպան: Իսկ Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը կբացվի 2023-ին:

Պարույր Հովհաննիսյան - Դեսպանության կարևորությունը հետևյալ հանգամանքներով է պայմանավորված. թե՛ փոխադարձ հիմունքներով արձագանքը մեր բարեկամ երկրին, առաջին երկիրը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին, թե՛ կարևորությունը տարածաշրջանային դեսպանություն ունենալ Մոնտեվիդեոյից կփակվեն Լատինական Ամերիկայի այլ երկրներ, նաև կարևոր է կապը պահել հայ համայնքի հետ:

Ըստ Հովհաննիսյանի՝ համայնքի համար դեսպանությունը կարևոր դեր կունենա հայագիտության զարգացման, հայոց լեզվի, պատմության ուսուցման և, իհարկե, երկկողմ օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Բուենոս Այրեսը և Մոնտեվիդեոն շեշտում են Արցախի խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի կարևորությունը:

Պարույր Հովհաննիսյան - Երկու երկիրն էլ նրբանկատ են 44-օրյա պատերազմի հետևանքների, հումանիտար հարցերի նկատմամբ՝ գերիների հարցն է, Արցախում մշակութային ժառանգության խնդիրն է, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առումով սատարում են բանակցային գործընթացները:

2022-ի ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերի բողոքին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատասխանել էր «գորշ գայլերի» նշանով։ Այդ քայլը մեծ արձագանք ստացավ և դատապարտվեց անգամ Ուրուգվայի արտգործնախարարության կողմից:

Հայաստանի փոխարտգործնախարարի այցի նպատակն էր նաև տնտեսական կապերի ամրապնդումը: Պարույր Հովհաննիսյանը արդյունավետ է գնահատում այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանց համաձայն՝ տնտեսական ծրագրերը կքննարկվեն Ներդրումների աջակցման կենտրոնի հետ Բուենոս Այրեսում նախատեսվող միջոցառմանը: Բացի դրանից, քննարկվում է նաև բարձրաստիճան երկկողմ այցերի հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում