ԱԺ ամառային դպրոցի մասնակիցներն ստացան հավաստագրերը

ԱԱլիս Մելիքսեթյան

Ազգային ժողովի ամառային դպրոցի մասնակիցներն այսօր ստացել են հավաստագրերը: Ծրագրին մասնակցած 42 աշակերտ հանդիպել է Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, պատգամավորների, Սահմանադրական դատարանի դատավորների հետ, պատրաստվում են նաև վարչապետի հետ հանդիպմանը:

Ազգային ժողովի ամառային դպրոցի ավարտն է: Ավագ դպրոցի 42 աշակերտ 2 շաբաթ քաղաքագիտական, հասարակական ոլորտի նրբություններին ու խորհրդարանի աշխատանքին ծանոթացան: Գիտելիքի և դպրության օրը նրանց հավաստագրերը հանձնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի նախագահը երիտասարդ սերնդին հորդորեց օգտագործել գիտելիք ստանալու յուրաքանչյուր առիթ՝ նկատելով, որ պատանի ժամանակ չէր էլ պատկերացնում, որ դպրոցական շրջանում ստացած գիտելիքները հենասյուն են ամբողջ կյանքի համար:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Վստահեցնում եմ՝ որքան մեծանում ես, այնքան հասկանում ես, որ դպրոցի առաջին դասարանից սկսած գիտելիքները քեզ ամենամեծ ու կարևոր գիտելիք են տալիս ու կառուցում են այն հիմքը, որի վրա մարդը ձևավորվում է:

Հարյուրավոր դիմողներից ընտրված 42 աշակերտն այս ընթացքում հասցրել են հանդիպել պատգամավորների, Հանրապետության նախագահի, ՍԴ դատավորների հետ:

Հեղինե Խաչիկյան (ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ) - Աշակերտները մեզ ուղղակի հիացրին իրենց գիտելիքներով, պատմության, երկրի նկատմամբ իրենց սիրով: Ոչ միայն աշխատակազմն ու պատգամավորները փոխանցեցին իրենց գիտելիքները, կարծում եմ՝ մենք էլ շատ բան սովորեցինք իրենցից:

Գիտելիքն ազատություն է տալիս՝ սա էլ կառավարող ուժի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հորդորն է աշակերտներին:

Հռիփսիմե Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բարդ խնդիրների լուծման մեջ հաճախ մեզ անհրաժեշտ է նայել հարցերին տրված շրջանակից դուրս և մեր սեփական փորձով ու գիտելիքներով հիմնավորված լուծումներ գտնել:

Խնդիրներին այլ տեսանկյունից նայել. այս շաբաթներում սովորել է 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Չոբանյանը: Քաղաքականությամբ զբաղվել չի կամենում՝ ընտրությունը տնտեսագիտությունն է, բայց...

Ռոբերտ Չոբանյան (ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից) - Աշխատեմ ի շահ պետության պետական որոշ մարմիններում:

Էմիլ Ջավալյանը խորհրդարանի ամբիոնից դասընթացի մասին պատմեց.

Էմիլ Ջավալյան (ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից) - Քաղաքագիտություն սովորեցինք, դասընթացը շատ հետաքրքիր էր, մեզ դասավանդեցին պատգամավորները, ու ամեն ինչ շատ լավ էր:

Ամառային դպրոցն իրականություն դարձավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծով, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: Իսկ ծրագրին մասնակցած աշակերտները կհանդիպեն նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հեղինակ` Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում