Շիրակի մարզում շինարարական եռուզեռ է. ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Հյուիս-Հարավի՝ Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին, կահավորման և գծանշման աշխատանքները՝ նոյեմբերին: Շինհրապարակ է այցելել ու ընթացքին ծանոթացել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Փոխվարչապետի հաջորդ կանգառը ճանապարհային միջանցքի՝ Լանջիկ-Գյումրի հատվածն է: Շուրջ 27,5 կմ երկարությամբ այս ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարեվերջին:
Մարզում շինարարական բում է, շատ բան կա տեսնելու: Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության 4.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:
Ազատանի համար 2 դպրոցը շուտով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի շնորհիվ կդառնա սեյսմիկ անվտանգ ու գերժամանակակից։ Դպրոցը նախատեսված է 380 աշակերտի համար:
Մարզում շինարարության նման տեմպերը լուծել են նաև արտերկրում աշխատանք փնտրողների խնդիրը:
Կառավարություն-համայնք համագործակցությամբ՝ Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում էլ մանկապարտեզ է կառուցվում։ Սուբվենցիոն ծրագիրը մեկնարկել է 2021-ին: 74 մլն դրամ արժեքով մանկապարտեզը նախատեսված է 46 երեխայի համար:
Գյումրու «Բարեկամություն» զբոսայգում էլ շինարարական աղմուկը չի դադարում։ Տարածքային զարգացման հիմնադրամը 7,2 հա տարածք ունեցող այգում կառուցում է ոռոգման և խմելու ջրի ցանց, ջրահեռացման և լուսավորության համակարգ, հիմնանորոգում կոյուղագծերը:
«Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը» փոխվարչապետի այցելած վերջին շինհրապարակն է։ Սպորտային համալիրը պատրաստ կլինի 2025-ին: Կունենա մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների դահլիճներից՝ մինչև ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված:
Մարզային այցը փոխվարչապետն ամփոփեց «Ազատամարտիկների պանթեոն»-ում, հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:













